ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար։
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցներ, ըստ որի՝ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը՝ 22.007.259 ՀՀ դրամը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած՝ պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:
Այս ամենից բացի, Արշակ Հակոբյանը 2017 թվականի տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված՝ համապատասխանաբար 2017 թվականի արտադրության, 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք 43.069.500 ՀՀ դրամ արժեքով Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008 թվականի արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները: Մասնավորապես՝ Հակոբյանը «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի տրանսպորտային միջոցը գնել է կանխիկ վճարմամբ, ապա վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել իր ունեցած՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22.007.259 ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:
Արշակ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։