ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի ծխում, չի խմում, սև հոնքերն էլ չեն երեւում. ինչ արժեն Ձմեռ պապի ծառայությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ամանորի գիշերը ցանկանում եք, որ ձեզ այցելեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ապա ձեզ շատ գումար է պետք: Չնայած Ամանորին մի քանի շաբաթ է մնացել, բայց Ձմեռ պապի, Ձյունանուշի ծառայությունների վերաբերյալ հայտարարություններն արդեն սկսել են ողողել սոցիալական ցանցերը: Այս օրերին սնկի պես աճում են այն կազմակերպություններն ու գործակալությունները, որոնք տոնական օրերին Ձմեռ պապի ու Ձյունանուշի վճարովի այցելություններ են կազմակերպում կորպորատիվ միջոցառումների համար, նաեւ՝ բնակարաններ, տներ են գնում:

ArmLur.am-ը մի քանի գործակալություններից ճշտեց եւ հետաքրքրվեց, թե որքան է Ձմեռ պապի եւ Ձյունանուշի՝ տներ, բնակարաններ այցելելու ծառայությունների սակագները: Պարզվեց՝ դեկտեմբերի 31-ին 22.,00-ից սկսած Ձմեռ պապի ծառայության գինը կտրուկ բարձրանում է՝ հասնելով 150 հազար դրամի: Ի դեպ, գործակալություն կա, որն այդ օրը պիկ ժամերին Ձմեռ պապ առաջարկում է 50000 դրամով: Բայց եթե Ձմեռ պապ անհրաժեշտ է Երեւանից դուրս, ապա երկկողմանի ճանապարհածախսը պետք է հոգա պատվիրատուն:

Իսկ մեկ այլ գործակալությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ դեկտեմբերի 31-ին ուղիղ կեսգիշերին բնակարան եւ տուն այցելելու համար անհրաժեշտ է վճարել 130000 հազար դրամ: Սակայն այս գինը կտրուկ նվազում է հունվարի 1-ին՝ դառնալով 20000 դրամ: Կորպորատիվ միջոցառումների համար ծառայության գինը կախված է այն բանից, թե պատվիրատուն ինչ է ցանկանում՝ շնորհավորանք, հանելուկներ, խաղեր, թե՝ թամադայություն: Այո, գործակալություններ կան, որոնք առաջարկում են Ձմեռ պապի թամադայություն:

Կարեւորը՝ կազմակերպությունները իրենց հայտարարությունների մեջ նշում են, որ Ձմեռ պապը Լապլանդիայից է, չի ծխում, չի խմում, կոշիկները չեն երեւում, սեւ հոնքերը չեն երեւում, վրայից էլ հոտ չի գալիս: Հա, չմոռանանք՝ խոստանում են, որ Ձյունանուշն էլ հմայիչ է ու գեղեցիկ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս