Twitter-ի գլխավոր տնօրեն Փարագ Ագրավալը, ով այս պաշտոնում փոխարինել է Ջեկ Դորսիին, հայտարարել է ընկերության վերակազմակերպման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով Ագրավալի նամակին, որն ուղարկվել է Twitter-ի աշխատակիցներին: Ագրավալը հայտնել է, որ քայլն ուղղված է ընկերության գործունեության կարգավորմանը:
The Washington Post-ի տվյալներով՝ արտադրանքի նախագծման, դիզայնի ու մշակման համար պատասխանատու բաժինների աշխատակիցներն այսուհետ վերաբաշխվելու են երեք նոր ուղղություններով՝ սպառողական, եկամուտ և տեխնոլոգիաներ՝ կախված նրանից, թե նախկինում որ ոլորտում են մասնագիտացել: Բացի այդ, փոփոխությունների շրջանակում մինչև տարեվերջ ընկերությունը կլքեն գլխավոր ինժեներ Մայքլ Մոնտանոն ու գլխավոր դիզայներ Դենթլի Դևիսը:
Փարագ Ագրավալը բացատրել է ընկերության վերակազմակերպման իր որոշումը աշխատակիցների շրջանում պատասխանատվության մակարդակի բարձրացման ու խնդիրներն ավելի արագ լուծելու անհրաժեշտությամբ:
Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին նոյեմբերի 29-ին հայտնել էր, որ դադարեցնում է ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունների կատարումը: Տնօրենների խորհրդի անդամները միաձայն հաստատել էին այդ պաշտոնում տեխնիկական տնօրեն Փարագ Ագրավալի նշանակումը: Դորսին կպահի անդամակցությունը տնօրենների խորհրդում առնվազն մինչև 2022 թվականի մայիս՝ բաժնետերերի հաջորդ հանդիպում, ինչից հետո կլքի ընկերությունը: