Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի ճակատագրերը դեռ հայտնի չէ: Նշենք, որ երեկվա ՏԻՄ ընտրություններին այս գյուղերի բնակիչները չեն մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը եւ ի նշան բողոքի, նրանք հրաժարվել են քվեարկել: ArmLur.am-ը զրուցեց Ծովագյուղ համայնքի ղեկավարի ԺՊ Վահրամ Գեւորգյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է կառավարությունը արձագանքել բնակիչների այս քայլին:
«Մեր համայնքը խոշորացման, զարգացման կարիք չունի: Մեր համայնքն իր հնարավորությունով, իր բյուջեով, արած աշխատանքներով վերջին տարիներին մինչեւ օրս ցույց է տվել, որ այնքան սուբվենցիոն ծրագիր է անում, որ Վարդենիս քաղաքն այդքան ծրագիր անել չի կարողանում, արածն էլ գումարները չի կարողանում վճարել: Սա բոյկոտ չէ, սա քաղաքացիների ցանկություն է… բոյկոտ ասենք, մեր հարցերը նորմալ չի լինի (ծիծաղում է-Ս.Հ.)»,- նկատեց Գեւորգյանը՝ ընդգծելով, որ մինչեւ այս պահը տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից դեռ արձագանք չի ստացել:
Բացի ծովագյուղցիներից, քվեարկությանը չեն մասնակցել նաեւ Սեմյոնովկա գյուղի բնակիչները: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը ArmLur.am-ին ասաց, որ գյուղի բնակիչները պահանջում են իրենց համայնքը միացնել Ծովագյուղին: «Կառավարությունը կորոշի, թե ինչ կլինի հետո: Առայժմ ոչ ոք չի զանգել, չեն արձագանքել: Թող այս երկու համայնքն իրար հետ խոշորացնեն: Ծովագյուղը մեծ համայնք է, օր օրի աճում է, զարգանում, թող մեր գյուղն էլ հետը զարգանա, որտեղ իմ բնակիչը՝ այնտեղ ես»,- հայտարարեց Դավիթ Մնացականյանը:
Սյունէ Համբարձումյան