Վարդենիսում 2 դաշինքները միավորվեցին՝ ընդդեմ գործող քաղաքապետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել: Ստորև ներկայացնում ենք նշված հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Վարդենիս համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի՝ մի կողմից և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին:

«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինք

Ահարոն Խաչատրյան

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք

Արամ Հարությունյան

07.12.2021 թ.»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Մելքոնյանը, ով համայնքի ներկա ղեկավարն է, ստացել է մոտ 6000 ձայն։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը, ով ներկայում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է, ստացել է մոտ 5000 ձայն։

Վարդենիսում պայքարող մյուս քաղաքական ուժը՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, ստացել է մոտ 2500 ձայն։




Լրահոս