ՖՈՏՈ. Ֆիզիկական վնասվածքներից մինչև կոտրվածքներ. Արսեն Միքայելյանը՝ «Մաուգլի»-ի պրեմիերայի և դժվարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 10-ին առաջնախաղով  հանդիսատեսի  դատին ներկայացվեց Ռ. Քիփլինգի  «Մաուգլի» ներկայացումը: ArmLur.am-ը պրեմիերայի մանրամասների մասին զրուցել է գլխավոր դերակատար Արսեն Միքայելյանի հետ:

֊Արսե՛ն, դեկտեմբերի 10֊ին կայացավ «Մաուգլի» ներկայացման պրեմիերան։ Խնդրում եմ կներկայացնեք պրեմիերայի մանրամասները։

-Ամսի 10֊ի առավոտվանից թատրոնում տոնական խառնաշփոթ էր։ Տարբեր մարզերից, Երեւանից ու նույնիսկ արտերկրից հյուրեր ունեինք, զուգահեռաբար տեղի է ունեցել մամլո ասուլիս նվիրված «Մաուգլիին» եւ թատրոնի հետագա անելիքներին, նաեւ առանձին փոքրիկ ջունգլիներ հիշեցնող տաղավար էր ստեղծվել նկարվելու համար։ Ամեն դետալ մտածված էր։ Նույնիսկ ներկայացումից առաջ հնչող երեք զանգերի փոխարեն կենդանիների ձայներ էին, իսկ ժամը վեցն անց տաս բացվեց թատրոնի գլխավոր վարագույրը եւ սկսվեց…:

 ֊Մաուգլիին հասուն տարիքում մարմնավորում եք Դուք, հե՞շտ էր դառնալ «մաուգլի»։

-Մարդիկ շատ հաճախ փորձում են բալանսավորել իրենց բնազդներն ու բանականությունը կախված հանրային մտածելակերպից ու շրջապատող հանգամանքներից։ Մաուգլին ներքին ազատագրության խորհրդանիշն է, ով ձգտում է ներդաշնակության բնության ու մտքի միջեւ։ Նա անընդհատ բախվում է ճնշումների։ Գայլերն իրեն մարդու որդի են կոչում, իսկ մարդկանց համար նա վայրենի կիսամարդ է։ Հասարակությունն այնքան առողջ չէ, որ ունակ լինի ընդունել էության բնույթն այնպիսին, ինչպիսին այն կա։ Մեր Մաուգլին ազատության խորհրդանիշն է, նա պայքար է, ով ազատագրելու է միջավայրը հին կապանքներից՝ բոլորին տալով հնարավորություն ամեն ինչ նորից սկսելու համար։ Մաուգլիները մեզ մոտ երեքն են։ Ես խաղում եմ հասունացող էության շրջանը, որը շատ ցավոտ ներքին ու արտաքին բախումների է հանդիպում։ Եվ ի վերջո գայլի եւ մարդու միջեւ նա կատարում է իր սեփական ընտրությունը եւ գնում է դեպի ինքն իրեն։ Այս հերոսը գրականության իմ ամենասիրելի պերսոնաժներից է եւ ներկայացման ստեղծման պրոցեսի ընթացքում լրջագույն պատասխանատվությամբ եմ ստեղծագործել, իսկ արդյունքը եղավ այն, ինչ եղավ։

֊Ներկայացման մեջ ընդգրկված են շուրջ 60 դերասան։ Ի՞նչ նոր ասելիք կար նոր ժամանակակից «մաուգլիի» մեջ։

-Ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը,  չհեռանալով հեղինակի նուրբ ու բազմաշերտ ծածկագրերից, ներկայացման մեջ տեղավորեց այսօր մեզ շրջապատող իրականության շատ խոցելի ու ցավոտ հարցադրումներ եւ շատ վարպետորեն եւ իրեն բնորոշ կտրուկությամբ եւ անսպասելիությամբ հանդիսատեսին փորձում էր հասկացնել, որ ժամանակը շատ սուղ է հապաղելու համար։ Շրջապատող իրականությունը քաոսի մեջ է եւ մեզ բոլորիս Մաուգլի է պետք՝ այդ քաոսը ցրելու համար։

֊Եթե չեմ սխալվում սա ձեր կարիերայի ամենամասշտաբային ներկայացումն էր, ի՞նչ դժվարություններ ստիպված եղաք հաղթահարել։

-Մենք բոլորս գիտակցում էինք, որ եթե մտնում ենք այս պատմության մեջ, պիտի պատրաստ լինեինք ամեն տեսակ փորձության։ Ֆիզիկական վնասվածքներից մինչև կոտրվածքներ, կերպարների մեկնաբանությունների հարցերում թունդ ստեղծագործական բանավեճեր ու գաղափարական բախումներ։ Ես օրինակ երեք ֊չորս ամիս հաճախել եմ մարզադպրոց ֆիզիկական տվյալներս բարելավելու համար, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Էդգար ու Ալեքս Ծառուկյաններին ու Գյումրու մարզադպրոցի ողջ անձնակազմին։ Բարդ էր ճանապարհը, բայց համեմված մեծ սիրով ու խանդավառությամբ։ Ամբողջ թատրոնը շնչում էր եւ ապրում մի գաղափարի շուրջ եւ այդ գաղափարի անունը «Մաուգլի» էր։

֊Արսե՛ն, մինչ պրեմիերան ի՞նչ մտահոգություններ ունեիք եւ արդյոք դրանք փարատվեցին։

– Մտահոգությունները շատ էին, բայց ստողծագործական ոգևորվածությունն ամեն ինչին հաղթում էր։ Օրեր են եղել տասներկու ժամ թատրոնից դուրս չենք եկել, բայց ոչ ոք չէր թնկթնկում։ Երկար տարիներ թատրոնում նման բուռն պրոցես չէր եղել, եւ մենք վայելում էինք ամեն վայրկյանը։ Առիթից օգտվելով ուզում եմ Շնորհակալություն հայտնել թատրոնի ողջ անձնակազմին՝ նվիրական աշխատանքի համար։ Սիրում եմ ձեզ։

֊Եվ վերջում, ներկայացման ավարտին ի՞նչ զգացողություն ունեիք։

Ներկայացման ավարտից հետո կար մեծ դատարկության զգացողություն։ Կարծես թե ամիսների հոգնածությունը պրեմիերայից հետո նոր ի հայտ է գալիս։ Ու զգում ես, թե ինչպես է մարմինդ երազում քնելու մասին, բայց այդպես էլ աչքերդ չեն փակվում։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս