Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդիկ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։ Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերերցին ու կասկածանքով բերման ենթարկեցին վերը նշված տղամարդկացից թմրամիջոցներ ձեռք բերած անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մեթամֆետամին։
Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվեցին։ Նույն օրը գիշերը հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին 34 և 35-ամյա տղամարդիկ։ Նրանցից կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեց հերոին, իսկ մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեկտեմբերի 10-ին խուզարկություն կատարվեց 34-ամյա տղամարդու վարձած բնակարանում, որը գտնվում է մայրաքաղաքի Սարյան փողոցում։ Հայտնաբերվեցին տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։