Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 10-ին առաջնախաղով հանդիսատեսի դատին ներկայացվեց Ռ. Քիփլինգի «Մաուգլի» ներկայացումը: ArmLur.am-ը պրեմիերայի մանրամասների մասին զրուցել է գլխավոր դերակատար Արսեն Միքայելյանի հետ:
-Արսե՛ն, դեկտեմբերի 10֊ին կայացավ «Մաուգլի» ներկայացման պրեմիերան։ Խնդրում եմ ներկայացնել պրեմիերայի մանրամասները։
-Ամսի 10֊ի առավոտվանից թատրոնում տոնական խառնաշփոթ էր։ Տարբեր մարզերից, Երեւանից ու նույնիսկ արտերկրից հյուրեր ունեինք, զուգահեռաբար տեղի է ունեցել մամլո ասուլիս՝ նվիրված «Մաուգլիին» եւ թատրոնի հետագա անելիքներին, նաեւ առանձին փոքրիկ ջունգլիներ հիշեցնող տաղավար էր ստեղծվել նկարվելու համար։ Ամեն դետալ մտածված էր։ Նույնիսկ ներկայացումից առաջ հնչող երեք զանգերի փոխարեն կենդանիների ձայներ էին, իսկ ժամը վեցն անց տասը րոպեին բացվեց թատրոնի գլխավոր վարագույրը եւ սկսվեց…
-Մաուգլիին հասուն տարիքում մարմնավորում եք Դուք, հե՞շտ էր դառնալ Մաուգլի։
-Մարդիկ շատ հաճախ փորձում են բալանսավորել իրենց բնազդներն ու բանականությունը՝ կախված հանրային մտածելակերպից ու շրջապատող հանգամանքներից։ Մաուգլին ներքին ազատագրության խորհրդանիշն է, ով ձգտում է ներդաշնակության բնության ու մտքի միջեւ։ Նա անընդհատ բախվում է ճնշումների։ Գայլերն իրեն մարդու որդի են կոչում, իսկ մարդկանց համար նա վայրենի կիսամարդ է։ Հասարակությունն այնքան առողջ չէ, որ ունակ լինի ընդունել էության բնույթն այնպիսին, ինչպիսին այն կա։ Մեր Մաուգլին ազատության խորհրդանիշն է, նա պայքար է, ով ազատագրելու է միջավայրը հին կապանքներից՝ բոլորին տալով հնարավորություն ամեն ինչ նորից սկսելու համար։ Մաուգլիները մեզ մոտ երեքն են։ Ես խաղում եմ հասունացող էության շրջանը, որը շատ ցավոտ ներքին ու արտաքին բախումների է հանդիպում։ Եվ ի վերջո գայլի եւ մարդու միջեւ նա կատարում է իր սեփական ընտրությունը եւ գնում է դեպի ինքն իրեն։ Այս հերոսը գրականության իմ ամենասիրելի պերսոնաժներից է, եւ ներկայացման ստեղծման պրոցեսի ընթացքում լրջագույն պատասխանատվությամբ եմ ստեղծագործել, իսկ արդյունքը եղավ այն, ինչ եղավ։
-Ներկայացման մեջ ընդգրկված են շուրջ 60 դերասան։ Ի՞նչ նոր ասելիք կար ժամանակակից «Մաուգլի»-ի մեջ։
-Ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, չհեռանալով հեղինակի նուրբ ու բազմաշերտ ծածկագրերից, ներկայացման մեջ տեղավորեց այսօր մեզ շրջապատող իրականության շատ խոցելի ու ցավոտ հարցադրումներ եւ շատ վարպետորեն եւ իրեն բնորոշ կտրուկությամբ եւ անսպասելիությամբ հանդիսատեսին փորձում էր հասկացնել, որ ժամանակը շատ սուղ է հապաղելու համար։ Շրջապատող իրականությունը քաոսի մեջ է, եւ մեզ բոլորիս Մաուգլի է պետք՝ այդ քաոսը ցրելու համար։
-Եթե չեմ սխալվում, սա Ձեր կարիերայի ամենամասշտաբային ներկայացումն էր. ի՞նչ դժվարություններ ստիպված եղաք հաղթահարել։
-Մենք բոլորս գիտակցում էինք, որ եթե մտնում ենք այս պատմության մեջ, պիտի պատրաստ լինեինք ամեն տեսակ փորձության՝ ֆիզիկական վնասվածքներից մինչեւ կոտրվածքներ, կերպարների մեկնաբանությունների հարցերում թունդ ստեղծագործական բանավեճեր ու գաղափարական բախումներ։ Ես, օրինակ, երեք -չորս ամիս հաճախել եմ մարզադպրոց ֆիզիկական տվյալներս բարելավելու համար, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Էդգար ու Ալեքս Ծառուկյաններին ու Գյումրու մարզադպրոցի ողջ անձնակազմին։ Բարդ էր ճանապարհը, բայց համեմված մեծ սիրով ու խանդավառությամբ։ Ամբողջ թատրոնը շնչում էր եւ ապրում մի գաղափարի շուրջ, եւ այդ գաղափարի անունը «Մաուգլի» էր։
-Արսե՛ն, մինչ պրեմիերան ի՞նչ մտահոգություններ ունեիք, եւ արդյոք դրանք փարատվեցի՞ն։
-Մտահոգությունները շատ էին, բայց ստողծագործական ոգեւորվածությունն ամեն ինչին հաղթում էր։ Օրեր են եղել՝ տասներկու ժամ թատրոնից դուրս չենք եկել, բայց ոչ ոք չէր թնկթնկում։ Երկար տարիներ թատրոնում նման բուռն պրոցես չէր եղել, եւ մենք վայելում էինք ամեն վայրկյանը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել թատրոնի ողջ անձնակազմին նվիրական աշխատանքի համար։ Սիրում եմ ձեզ։
-Եվ վերջում, ներկայացման ավարտին ի՞նչ զգացողություն ունեիք։
-Ներկայացման ավարտից հետո կար մեծ դատարկության զգացողություն։ Կարծես թե ամիսների հոգնածությունը պրեմիերայից հետո նոր ի հայտ է գալիս, ու զգում ես, թե ինչպես է մարմինդ երազում քնելու մասին, բայց այդպես էլ աչքերդ չեն փակվում։
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երգչուհի Սոնա Շահգելդյանը դեկտեմբերի 13-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն»:
ArmLur.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը ոստիկանության Արաբկիր բաժին այցի մասին ասաց. «Այն, ինչ եղել է, իրականության հետ որեւէ կապ չունի, եւ հիմա ամեն ինչ կարգին է, եւ այդ հարցով իրավապահ մարմինները զբաղվում են»:
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին դիտարկում է կարիերան Բրազիլիայում շարունակելու տարբերակ։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը գործակալի միջոցով բանակցել է բրազիլական «Կորինտիանսի» հետ: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Արդեն հունվարին նա կարող է նախնական պայմանագիր կնքել «Կորինտիանսի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։
ՔՆՆԱՐԿԵԼ Է
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Թուրինում գործակալ Մինո Ռայոլայի հետ քննարկել է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերը. հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նրանք Թուրին էին ժամանել Golden Boy մրցանակաբաշխության առիթով։ «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին էր ստացել էր այդ մրցանակը։ Ռայոլայի հետ բանակցությանը մասնակցել է նաեւ կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին։ Լապորտան Ռայոլային խնդրել է նվազեցնել միջնորդավճարը։ Նա խոստացել է, որ Հոլանդը կդառնա կարեւոր դերակատար թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում։
ՍՐՏԻ ԿԱՆԳ
«Ռոմայի» 23-ամյա երկրպագուն սրտի կանգ է ունեցել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի տնային հանդիպման ժամանակ։ Խաղի 30-րդ րոպեին երկրպագուն սրտի նոպա է ունեցել: Հռոմի «Օլիմպիական» ստադիոնի հերթապահ բժիշկները կարողացել են դեֆիբրիլյատորի օգնությամբ վերականգնել սրտի ռիթմը։ Երկրպագուն շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Ճանապարհին տղամարդը եւս մեկ նոպա է ունեցել, անցկացվել է ինտուբացիա։ Այժմ նա բուժում է ստանում հիվանդանոցում։ Հիշեցնենք, որ «Ռոման» «Սպեցիային» հաղթել է 2։0 հաշվով։ Հանդիպմանը ստադիոնում հետեւել է 45 հազար հանդիսական։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Սպեցիայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում։ «Ես գոհ եմ, որ երկու գոլն էլ խփեցինք անկյունայինի խաղարկումից հետո։ Երեկ մենք մոտ կես ժամ կենտրոնացել էինք անկյունայինների վրա մարզման ժամանակ, եւ ես ուրախ եմ, որ դա տվեց արդյունք։ Մենք ամբողջովին վերահսկում էինք խաղը եւ մրցակցին չէինք թողնում ազատ գոտիներ։ Երկրորդ գոլից հետո ավելի հեշտ դարձավ խաղը։ Գոհ եմ խաղացողներից, հատկապես Ռոժեր Իբանյեսից, որը երբեք խաղից չի անջատվում։ Մենք կկարողանայինք պայքարել տիտղոսի համար այս մրցաշրջանում, եթե չլինեին վնասվածքներն ու որակազրկումները։ Ցավոք, մենք նման ենք մարդասպանների թիմի. դեղին եւ կարմիր քարտերի աննորմալ քանակ ունենք։ Բացի այդ, ֆուտբոլիստների մոտ կուտակվում է հոգնածություն։ Հունվարին պետք է ակտիվ լինել տրանսֆերային շուկայում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: