«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ՏԻՄ-երի համայնքապետի դեմ ճնշումների, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունների շուրջ  զրուցել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ: 

 

-Իշխանությունները համայնքապետերի ճնշումներից հասան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ իրենց թիմակցին: Այս դրսեւորումները նրա նկատմամբ ինչքանո՞վ են հիմնավոր:

-Ես խորհրդարանում բարձրաձայնեցի ՏԻՄ-երից հետո Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակի մասին: Ակնհայտորեն քաղաքական ռեպրեսիաներ են սկսվել բոլոր այն թեկնածուների եւ ընտրված այն ավագանիների նկատմամբ, որոնք մերժում են ՔՊ-ի հետ ցանկացած համագործակցություն: Որտեղ 50+ չի հավաքել ՔՊ-ն, բոլոր այդ համայնքերում ավագանիների  վրա ճնշումներ են: Եվ զարմանալի զուգադիպությամբ բոլոր տեսակի քրեական գործերի հարուցումը հիշել են հիմա եւ դա անում են այն ժամանակ, երբ հայտնի է դառնում, որ այդ մարդը պետք է դառնա համայնքի ղեկավար: Վերջին դեպքը Վանաձորինն է, որի պոտենցիալ քաղաքապետին ձերբակալել են, եւ չի բացառվում՝ եթե այս տրամաբանությամբ շարունակեն, ապա նա երկամսյա կալանքի կգնա: Տեղեկացա, որ նրա տեղակալին, այսինքն՝ 2-րդ համարին են ձերբակալել, ինչը նշանակում է, որ ամեն ինչ անում են՝ ՔՊ-ի հետ ձայները նույնականանան:  Վարդենիսում քաղաքապետի թեկնածուն կալանավորված է, մյուս թեկնածուի կնոջն էլ գիշերով բերման ենթարկեցին, քրգործ են հարուցել նրա նկատմամբ:

Վերադառնալով Երեւանի քաղաքապետին՝ տեղյակ եմ, որ ՔՊ-ի եւ Հայկ Մարությանի միջեւ եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչեւ դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, իսկ դրանից հետո նա պետք է հեռանա: Կարծեք ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության մեջ, որովհետեւ, ըստ խորհրդարանի կուլիսներում եղած տեղեկությունների,  պայմանավորվածություն է տեղի ունեցել Սուրեն Պապիկյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Ըստ երեւույթին, ինչ-որ բան խախտվել է, եւ ՔՊ-ն սկսել է ռեպրեսիաներ նաեւ քաղաքապետի նկատմամբ: Ես ուզում նաեւ հիշենք, որ Երեւանի քաղաքապետն այն մարդն է, որ Հայաստանում ատելության խոսքի հիմնադիրն էր, սեւ եւ սպիտակի ջրբաժանի հեղինակն էր: Ինչքան էլ հիմա փորձում են հերոսացել Հայկ Մարությանին, որեւէ կերպ չեմ կարող համակերպվել այդ գաղափարի հետ: Ինչո՞ւ. որովհետեւ նախ նա Հայաստանի քաղաքական դաշտ ներմուծեց սեւ ու սպիտակի գաղափարը, որն ամենաանընդունելին է, դրա արդյունքում մենք ունեցանք ձախողումներ: Ես Հայկ Մարությանին չեմ համարում լավագույն քաղաքապետ, որովհետեւ ես ուղղակի չեմ հիշում, որ Երեւանի մի հետաքրքիր շենք, կառույց, շինություն, նորություն, որ կարող է լինել, եւ մենք մատնացույց անենք, ասենք՝ հետհեղափոխական Երեւանն այսպիսի փոփոխություններ արձանագրեց: Բայց դատապարտելի է, որ իշխանությունն իրեն չենթարկվողների նկատմամբ իրականացնում է քաղաքական ռեպրեսիաներ:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ մտավախություն ունի հայ գերիների մասով. եթե նրանք վերադառնան Հայաստան, այնտեղ նրանց խոշտանգումների կենթարկեն: Այս մասով ի՞նչ կասեք:  Որտե՞ղ էր մեր թերացումը, որ թշնամական երկրի ղեկավարը կարող էր նման հայտարարություն անել:

-Այն, որ թշնամական երկիրը կօգտվեր Հայաստանի իշխանությունների բառապաշարից, գործելաոճից, մենք դրա մասին բազմիցս զգուշացրել ենք եւ ասել, որ ձեր խոսքերը կարող են օգտագործվել մեր դեմ, ընդ որում՝ ոչ միայն հարեւան երկրների, այլ նաեւ միջազգային ատյանների կողմից: Եվ կյանքը ցույց տվեց, որ մեր բոլոր նախազգուշացումները հերթով իրականանում են: Շատ տգեղ եւ վատ բան է տեղի ունեցել, երբ Ալիեւը մեր գերիներին փորձում է վախեցնել Նիկոլ Փաշինյանի խոսքով ու ցույց տալիս, որ եթե հիմա վերադարձնի գերիներին, իրենց այստեղ պետք է բռնենք, խոշտանգենք: Սրանից հետո ես չգիտեմ, թե գործող իշխանությունն ինչ պետք է անի, որպեսզի այս բացը լրացնի: Այն, որ, ըստ էության, ցուցաբերվել է պետական անգործություն, դա կարող եմ արձանագրել:

Ն. Պ.

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ Ե՞ՐԲ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆԵՆ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։ Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին։ Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է օրենքի դրույթները, թե ինչպես է իրականացվելու անվստահության գործընթացը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածում ասվում է.

 

  1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները (այս պահանջն արդեն իսկ կատարված է, եւ նախագծում որպես թեկնածու նշված է Հրաչյա Սարգսյանի անունը):

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի, քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (ավագանին ունի 65 անդամ եւ իշխանական խմբակցությունն ունի մեծամասնության ձայներ, սակայն կան անդամներ, որոնք դեմ են այդ նախագծին եւ արդեն հայտնել են այդ մասին):

Հավելենք, որ ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, թե ստացել են նախագիծը, սակայն դեռ միանալու կամ չմիանալու մասին որոշում չունեն: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն եւս ստացել է այդ նախագիծը: Մենք տեղեկացանք, որ, հնարավոր է, նրանք միանան եւ անվստահություն հայտնեն Մարությանին:

Ն.Հ.

 

 

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Վանաձորում նույնպես ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ հավաքած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելուց հետո իշխանությունները մտադիր են նաեւ դաշինքի համամասնական ցուցակի կին անդամներից մեկի նկատմամբ իրավական գործընթաց սկսել: Մեր տեղեկություններով՝ նրա ցուցակի երրորդ համարն է Արեւհատ Հովհաննիսյանը: Եթե, բացի Մամիկոն Ասլանյանից, ավագանու մեկ այլ անդամի էլ ձերբակալեն, ապա կստացվի, որ «Քաղաքացիական պայմանագրի» ու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ստացած մանդատները միասին ավելի շատ են, քան Ասլանյանի շուրջ հավաքված մյուս ուժերինը: Հետեւաբար ՔՊ-ն, Արկադի Փելեշյանի հետ միավորվելով, անարգել կարող է Վանաձորի համայնքապետ ընտրել:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

 

 

ԿԱՇԱՌՔ ԵՆ ՈՒԶԵԼ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն այս տարվա հոկտեմբերի 19-ին բացահայտել է՝ Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ Սիլիկյան գերեզմանատան վարիչ Անդրեյ Ղուլյանը մեկ միասնական դիտավորությամբ, հսկիչ Արմեն Միրզոյանի օժանդակությամբ գերեզմանատանը հողարկավորվող անձանց հարազատների օգտին գործողություններ կատարելու համար օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում 18 անձանցից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափով՝ 3.070.000 դրամ կաշառք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննություն է ընթանում:

 

 

ԳՈՐԻՍԻ ԲԱՆՏՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Անանյանը նախկինում ստացել եւ ներկայումս պահպանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն, այսպես կոչված, «զոն նայողի» կարգավիճակ եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար նույն հիմնարկում պահվող հատուկ քանակակազմին տալիս է հրահանգներ, կազմակերպում է մոլախաղեր ու դրամական միջոցների հավաքագրում:

 

 




Լրահոս