ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ: «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում Կարապետյանը հայտարարել է, որ այսօր սկսվում է պայքարն Անդրկովկասի համար, եւ այդ առումով շատ հետաքրքիր է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան, քանի որ Հայաստանին Եվրամիություն տանող երկիրը Ֆրանսիան է:Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին` Կարապետյանն այն որակել է լճացած եւ հավելել. «Համարյա բոլոր հանրահավաքներին մասնակցել եմ: Բայց արդեն ժամանակն է, որ ՀԱԿ-ը պետք է որոշում կայացնի` իշխանությունները կա՛մ մոնղոլ-թաթարներ են, կա՛մ ՀԱԿ-ը նրանց հետ բանակցում է, քանի որ մոնղոլ-թաթար չեն: Թե չէ այդ երկուսն իրար հետ բացարձակ չեն համատեղվում: Երբ ՀԱԿ-ն ասում է, որ մենք ենք միակ ճիշտ ընդդիմությունը, հա՛, դեմ չենք, բայց մենք բոլորս պիտի հստակ հասկանանք` ուզո՞ւմ են իրավիճակ փոխել երկրում, թե՞ պայքարում են ընդամենը հրմշտոցով քաղաքական իշխանության հասնելու համար: Պարզապես անլրջության աստիճանն այնքան է հասունացել, որ տրամաբանությանը տեղ չի մնացել»:Պարոն Կարապետյանը ՀԱԿ-ի պահվածքն այլ օրինակով է բացատրել. «Հիմա հոծ զանգվածով միավորվում ենք ու ասում` գնում ենք Անգլիա, հեղափոխություն անենք, ու եթե որեւէ մեկը մեզ չի միանում, ուրեմն ընդդիմություն չէ: Չկա չէ՞ տրամաբանություն: Առանց պահի ճշմարտությունը հասկանալու, առանց լուրջ գիտակցելու, առանց տակտիկական եւ ստրատեգիական աշխարհաքաղաքական քայլերի` դա կա՛մ անտրամաբանական է, կա՛մ ընդամենը պոպուլիզմ է»:Բայց այս ամենով հանդերձ, Արամ Կարապետյանը կարծում է, որ ՀԱԿ-ը եւ նրա ղեկավարը չեն կարող տրիվիալ լինել. «Քաղաքականությունն արվում է ոչ թե պետություններով, այլ քաղաքական խմբավորումներով: Դրանք աշխարհում հինգն են, որ առաջ են տանում աշխարհաքաղաքական զարգացումները: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հինգ խմբերի մասին գիտի եւ չի կարող շարժվել միայն ընտրազանգվածներով: Նրա գործողությունները բազմաշերտ են, հավատացնում եմ, քանի որ նա շատ տեղեկացված է»: «Նոր ժամանակներ»-ի առաջնորդն անհասկանալի է համարել նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը: «Կոալիցիոն հուշագիրը ստորագրեց, ասում է` հետո կհայտնեն, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն: Անլրջության աստիճանը հասել է քաղաքական դաշտ»,-նկատել է բանախոսը:ՆԺԿ առաջնորդն ասել է նաեւ, որ իրենք ողջունում ու պաշտպանում են եվրասիական միության ստեղծումը, որի մասին հոկտեմբերի 4-ին իր հոդվածում ասել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը. «Մենք այդ գաղափարի ջատագովն ենք, քանզի ժամանակին ես եղել եմ այդպիսի միավորման մշակողներից մեկը»:Վերջում Արամ Կարապետյանը հավանաբար «փալասի տակ» եղած փաստաթղթերի ուսումնասիրություններից մի հետաքրքիր տեղեկություն հրապարակեց: Նրա կանխատեսմամբ` հոկտեմբերի 20-ին ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ հավաքին Սերժ Սարգսյանն անձամբ կմասնակցի: Նրա տեղեկություններով, մինչեւ նոյեմբերի վերջ է Նիկոլա Սարկոզին Փարիզում հանդիպում կկազմակերպի Ս. Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Իսկ մինչ այդ, նախատեսվում է Մամեդյարով-Նալբանդյան հանդիպում` նորից Ֆրանսիայի միջնորդությամբ: Իսկ թե ինչ կքննարկվի այդ հանդիպման ժամանակ, Կարապետյանը չշտապեց գաղտնազերծել:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս