ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ՝ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել եւ խմբագրվել է:

 

Նախարարությունից հայտնում են, թե առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, մինչեւ 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, 12-ամյա կրթությանը հաղորդել նոր բովանդակություն, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

ArmLur.am-ն ուսումնասիրել է փոփոխված նոր տարբերակը եւ առանձնացրել մի քանի դրույթներ: Նոր չափորոշիչներով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարեւորելով ուսուցանող (ձեւավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է  երկու հիմնական մասի՝  ուսումնական  եւ վարչատնտեսական։ Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական եւ ֆինանսական մասով։ Վարչատնտեսական մասի համակարգողն ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում, անհրաժեշտ պայմանների ապահովում միայն։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական եւ ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ եւ իրականացմամբ։ Միեւնույն ժամանակ նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատութան ուուսումնադաստիարակչական եւ վարչական գործընթացների կառավարումը վերապահել տարբեր ղեկավարների. ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի կառավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են նախագծում:

Տնօրենի պաշտոնի հավակնորդի համար նախատեսվել է մանկավարժական որոկավորմամբ կրթություն՝ հաշվի առնելով վերջինիս կողմից բացառապես կրթության բովանդակության եւ որակի ապահովման պատասխանատվությամբ գործառույթները։ Սույն կարգավորումը ուժի մեջ մտնելու համար կսահմանվի անցումային դրույթ՝ հաշվի առնելով ներկայում պահանջի ապահովման առկա խնդիրները։

Ն.Հ.

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ՝ ՊԱՇՏՊԱՆԻՑ

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները: Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց. «Հրապարակում եմ արտահերթ զեկույց այն մասին, որ Հարկային օրենսգրքով նախատեսվել է տուգանքների ֆիքսված, այն էլ՝ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։

 

Այս հարցով դիմել եմ նաեւ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ տուգանքների ֆիքսված չափեր սահմանելով` հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները, եւ չի տրվում անհատականացման հնարավորություն:

Խոսքը վերաբերում է օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ, տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 300. 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով՝ 1.000.000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որեւէ բացառություն չի կարող արվել։ Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց ենթադրյալ իրավախախտման հանգամանքների ու իրավիճակի անհատականացման. դրանք չեն նշանակվում՝ հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը:

Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Խնդրահարույց է նաեւ տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց եւ/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող եւ մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչեւ ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Այս վիճակը չի ապահովում տնտեսական եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական՝ ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»։

 

 

 

ԾՐԱԳՐԵՐ՝ ԲԵՐԴՈՒՄ

Երթեւեկության անվտանգության բարձրացման նպատակով Բերդ քաղաքի Մաշտոց-Ալեք Մանուկյան, Մաշտոց-Այգեստան փողոցների հատման խաչմերուկներում ժամանակակից լուսակիրներ են տեղադրվել: Աշխատանքներն իրականացվել են կառավարության սուբվենցիոն ծրագրով (2021թ.), Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ (65/35 հարաբերակցությամբ):

Նույն ծրագրի շրջանակում Բերդ համայնքի 11 բնակավայրում՝ Բերդում, Վարագավանում, Վերին Ծաղկավանում, Չինչինում, Տավուշում, Նավուրում, Արծվաբերդում, Չինարիում, Չորաթանում, Նորաշենում եւ Վերին Կարմիրաղբյուրում գիշերային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում:

 

 

 

17 ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ՊՐՈՏԵԶԱՐԱՆԻ

Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ ի տարբերության այլ մարզերի՝ Տավուշում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կենսաթոշակառուների ատամների պրոտեզավորում չի կատարվում: ՀՀ կառավարության՝ 2004 մարտի 4-ի համար 318-Ն որոշմամբ՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոտեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ, սակայն անցած 14 տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել: Տավուշում ատամների պրոտեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել: Պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին ոչ մի անգամ ֆինանսավորում չի հատկացվել: Տավուշում պետբյուջեի միջոցներով պրոտեզարան չգործելու 2 պատճառներ են նշվում՝ նման ծառայություն մատուցելու համար պետականորեն լիցենզավորված  աոռղջապահական կազմակերպության բացակայությունը եւ պետբյուջեից պրոտեզարանի գործունեության համար գումարներ չհատկացնելը: Ծագումով Իջեւան քաղաքից վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է մտահոգի իր ծեր, կենսաթոշակառու հայրենակիցների համար կարեւոր այդ խնդրի լուծումը:

 

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ Է

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Մկրտչյանը 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչեւ 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որեւէ տեղեկություն չունի:

Հրամանատարությունը նույնպես չգիտի նրա գտնվելու վայրի մասին: Նորիկ Մկրտչյանը չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս