Վարորդների շրջանում նոր բունտ է հասունացել: Պատճառը՝ ապահովագրական ծառայության սակագնի սպասվող բարձրացումն է: ArmLur.am-ը վարորդներից տեղեկացավ, որ փետրվարի 7-ից ավտոապահովագրական ծառայության սակագինը 3000 դրամով բարձրանալու է: Ի դեպ, տեղեկացնենք, որ վարորդները մտադիր են այս խնդրի շուրջ բողոքի ակցիա անցկացնել: Ըստ վարորդների՝ փետրվարի 2-ից հետևյալ փոփոխություներն են սպասվում ԱՊՊԱ ոլորտում.
«01/11/2017 -31/12/2021 միջակայքում ԱՊՊԱ չկնքած կամ հիմա առաջին անգամ ԱՊՊԱ կնքելիս ԱՊՊԱ-ի ստանդարտ արժեքը կլինի 41 հազար դրամ, անկախ Ձիաուժից, եթե քո պատճառով հատուցվել է
1. 0-100.000 դրամ, ապա դասը կբարձրանա 3 դասով
2. 100.000-200.000 դրամ դասը կբարձրանա 4 դասով
3. 200.000-500.000 դրամ դասը կբարձրանա 5 դասով
4. 500.000-1.000.000 դրամ դասը կբարձրանա 6 դասով
5. 1.000.000-1.800.000 դրամ դասը կբարձրանա 7 դասով
6. 1.800.000 դրամից ավել 8 դասով, որը կհասնի մինչև 300 % թանկացման, իսկ վթար չունեցողների համար, լավ լուր իրենց համար կթանկանա ընդամենը տարեկան 3 000 դրամ, որի վրա կկիրառվի նաեւ ձեր ընթացիկ զեղչը»։
ArmLur.am-ին «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից փոխանցեցին, որ սակագնի բարձրացում սպասվում է փետրվարի 1-ից. «ԱՊՊԱ վճարի փոփոխություն է լինելու. ԱՊՊԱ վճարին 3000 դրամ ավելանալու է, կախված է նրանից, թե որ դասում է տվյալ վարորդը: Փոխհատուցման վնասի չափը չի ավելանալու, պայմանագիրը մնալու է նույնը»:
Իսկ ահա«Ինգո Արմենիա»-ից հայտնեցին, որ պաշտոնական տեղեկություն դեռեւս չկա սպասվող փոփոխությունների մասին. «Հստակ ինֆորմացիա չկա: Բյուրոյի կայքում անգամ տեղեկություն չկա»:
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը դիմեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որտեղից հաստատեցին, որ սակագնի բարձրացում լինելու է. «Մեր կայքում կլինի օրվա վերջին հայտարարություն, որտեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին»:
Սյունէ Համբարձումյան