ԱՄԵՆԱՇԱՏԸ ՀԱՅԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների կողմից անցկացվող ամենամյա Բազմազանության արտոնագրի` այսպես կոչված «Գրին քարտ»-ի 2011 թվականի վիճակախաղում Հայաստանի մասնակիցներից շահել է 1200 մարդ: 2012 թվականի համար անցկացված վիճակախաղի արդյունքով հայաստանցի շահողների թիվը մոտ 1000 է: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նման տվյալներ է ներկայացրել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբերտ Ֆարքուարը:Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում ակնհայտ առաջատար է: Հարցին, թե որքան է կազմում Հայաստանի հարեւան հանրապետություններից «Գրին քարտ» շահողների թիվը, հյուպատոսը պատասխանեց, որ 2011 թվականի արդյունքում Վրաստանից շահել է մոտ 700, իսկ Ադրբեջանից 350 մարդ: Նույն թվականին Ռուսաստանից վիճակախաղում շահած մասնակիցների թիվը կազմել է 2400:2013 թվականի «Գրին քարտ»-ի խաղարկությունը մեկնարկել է մի քանի օր առաջ` հոկտեմբերի 4-ին, եւ կշարունակվի մեկ ամիս` մինչեւ նոյեմբերի 5-ը: Յուրաքանչյուր տարի այս ծրագրի շրջանակում խաղարկվում է 55 հազար արտոնագիր:Խաղարկությունը, Միացյալ Նահանգների հյուպատոսի խոսքով, կազմակերպվում է առավելապես ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրների քաղաքացիների համար: Ռոբերտ Ֆարքուարի ներկայացմամբ` այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցել վիճակախաղին:Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ստանալ: Հյուպատոսը հատուկ ընդգծեց, որ Բազմազանության արտոնագրի խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացումը: Շահողները պետք է հաղթահարեն նաեւ հարցազրույցի փուլը, որից հետո միայն արտոնագիր կստանան:




Լրահոս