Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը և այդ հարցով ստեղծված եռակողմ աշխատանքայի խմբի գործունեությանը, հայտարարել է, որ այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով։
«Երկաթգծի հետ կապված իրավիճակը շատ դրական առաջընթաց է։ Բացի դրանից՝ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, որի արդյունքներում հետագա մեր հանդիպումների մասին կտեղեկացնեմ»,- ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքերով՝ այս փուլում եռակողմ աշխատանքային խումբն աշխատանքներ է իրականացնում, որոնք շատ կոնկրետ են և հստակ նպատակներ են հետապնդում։ Դա, ըստ նրա, երկաթգծի կառուցում է այն հատվածներում, որոնք ՀՀ-ինն են։