ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԻՆՉ-ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած երգչուհի Լեյլա Սարիբեկյանն արդեն երկար տարիներ է բեմի վրա, այնուամենայնիվ, Երեւանում մեծ մենահամերգով դեռ հանդես չի եկել: Նա միայն արտերկրում է բազմաթիվ համերգներ տվել: Ի՞նչն է խնդիրը. ֆինանսական աջակիցնե՞ր չունի, թե՞ պարզապես ցանկություն չկա: Այս հարցերը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց Լեյլա Սարիբեկյանից:-Մենահամերգ ես ինձ խոստացել եմ, բայց քանի որ չեմ ուզում փոքր մասշտաբներով լինի, դրա համար չեմ անում, իսկ այս պահին մի քիչ ֆինանսապես պատրաստ չեմ այդքան շքեզ համերգ կազմակերպելու: Ես մեծ դիապազոնի երգչուհի եմ, ինձ ամեն ինչ պետք է` մեծ օրկեստր` լավ երաժիշտներով, լավ ծրագիր, կենդանի հնչողություն… Մի քիչ հեռու եմ այդ կազմակերպչական բաներից, ոչ մեկին չեմ դիմում այդ խնդրանքով: Մի պահ եղավ, երբ դիմեցի, հետո հասկացա, որ կնոջ համար մի քիչ դժվար է զբաղվել հովանավորչության հարցերով: Մեզ մոտ դեռ այն մակարդակը չկա, որ քո մեջ միայն արվեստ տեսնեն: -Գիտեմ, որ նաեւ դասավանդում եք: -17 տարի դասավանդել եմ ե՛ւ դպրոցում, ե՛ւ ինստիտուտում, բայց հիմա ժամանակավոր դադար եմ վերցրել, որովհետեւ կարոտը երգելու ու բեմի նկատմամբ շատ-շատ է: Ես այնքան եմ կարոտ երգելուն, որովհետեւ մի քանի տարի բեմը թողեցի ու կրկին վերադարձա 2000 թվականին:-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր լռությունը:-Լռությունը ես էի ընտրել: Ընտրել էի ինքնախաբեության ճանապարհ, չնայած հասկանում էի, որ կոչումով երգչուհի եմ, դա է իմ առաքելությունը: Հիմա ես այդ բառերից չեմ վախենում: Մի տարիք է գալիս, երբ դու հասկանում ես, թե ինչի համար ես աշխարհ եկել եւ գիտակցում ես, որ այն աստվածային շնորհը, որ քեզ տրված է, միայն քեզ համար չէ: Փորձում էի ինձ մանկավարժության ասպարեզում, մասնագիտությամբ խմբավար եմ: Ուզում էի ճաշակով սերունդ դաստիարակել, լավ աշակերտներ ունեի, ժամանակին նաեւ ճանաչվել եմ տարվա շնորհալի ուսուցիչ: Բայց դա ինձ չէր բավարարում: Երբ մարդ իրեն դնում է նեղ շրջանակների մեջ, մի օր այդ ամենը պայթում է: Երբ երեխաներս մեծացան, ես հասկացա, որ այդ բացը ոչինչ չի կարող լրացնել իմ կյանքում:Ես գիտակցում եմ, որ այն ամենն, ինչ ես գրում ու երգում եմ, շատ շատերին է պետք, հավատացե՛ք ինձ: Արվեստում ինձ համար միջակությունն անհասկանալի է եւ շատ վտանգավոր: Ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, եւ բացթողումներ ունեմ միայն այն առումով, որ շատ լուրջ չեմ վերաբերվել իմ երգին: Իմ դեմ դավեր են նյութել, խոչընդոտել են, փորձում էին նույնիսկ ինձ փակել:-Ովքե՞ր, հեռուստաընկերություննե՞րը:-Չեմ կարող բոլորի մասին դա ասել, բայց  վերջերս այդպիսի մի դեպք եղավ: Չեմ ուզում խոսել այդ հարցի շուրջ, որովհետեւ վստահ եմ, որ էլ չի կրկնվի: Ես միշտ ասում եմ, որ նման բաներ մի՛ արեք, ես ավելի եմ ոգեւորվում ու հիմա շատ ավելի լուրջ եմ զբաղվելու իմ մենահամերգով:-Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր էր ծագել:-Շատ դեպքերում իմ լավ կատարումները հանում են ծրագրից: Որոշ մարդկանց դուր չի գալիս, որ երգող երգչուհի են տեսնում բեմում: Ես նույնիսկ հիվանդ ժամանակ չեմ  վախենում բեմ դուրս գալ:  -Ամեն կերպ շրջանցում եք հարցս:-Չեմ ուզում ծավալվել այդ հարցի շուրջ: Երեւի այս տարիների ընթացքում որեւէ մեկին սկսել եմ խանգարել: Շատ ակնհայտ էր այս վերջերս հանված իմ համարը: Ծրագրից հանել էին իմ կենդանի կատարումը: Ինձ ասացին, որ պատահական է ստացվել: Այս անգամ փորձեցի հավատալ, որ դիտավորություն չկա:-Դե թող շտկեին իրենց ոչ դիտավորյալ քայլը:-Իմ ասելուց հետո համարը դրեցին: Միեւնույն է, ինչքան էլ փորձում ես գլուխդ կախ քո գործն անել, էլի ինչ-որ մարդկանց խանգարում ես: Կամ էլ քո ուժը, ոգին ու հայ լինելը շատ մարդկանց ձեռք չի տալիս: Առհասարակ, ես ոչ մի հեռուստաընկերության հետ խնդիր չունեմ, ինձ շատ սիրում են, նույնիսկ պատրաստ են հաղորդում տալ, որ ես վարեմ: -Եթե չեմ սխալվում, «Շանթ» հեռուստաընկերությունում ինչ-որ նախագծի հաղորդավար էիք:-Այո՛, բայց դա ժամանակավոր էր: Դա ժողովրդի խնդրանքով է եղել: Հիմա էլ ինձ առաջարկել են նոր «Հայ սուպերսթար»-ում ժյուրիի անդամ լինել: -Լավ, իսկ հայկական շոու բիզնեսի մասին ի՞նչ կասեք: Չե՞ք կարծում, որ այն մի քիչ քաղաքականացված է դարձել:-Չեմ կարծում: Կներեք, մի բառ կա, շատ տեղին կլինի` «թայֆայաբազություն», հիմա այդ իրավիճակն է: Իմ ցանկության դեպքում ես էլ կարող եմ լինել բոլոր այդ տեղերում: Բայց ես ընտրություն եմ անում, մտածում` արժե մասնակցել, թե ոչ: Գիտե՞ք, ինչից եմ ամենաշատը բորբոքվում. երբ կեղծ հայրենասիրություն են ցուցաբերում, դա բավական չէ, անիմաստ տեքստեր են գրվում: Իմ «Շուրջպար»-ից հետո նորաձեւ դարձավ, որ հայը հային պետք է լինի բարեկամ: Խոսում են միասնության գաղափարի մասին, բայց շատերը չեն էլ պատկերացնում, թե դա ինչ է:  ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս