Այսօր լրանում է Արմեն Սարգսյանի կողմից իր հրաժարականի մասին դիմումը հետ վերցնելու ժամկետը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի մասին հայտնեց հունվարի 23-ին, ապա հաջորդ օրը, խորհրդարանում այդ հանգամանքին անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Եվ ահա, այսօր յոթերորդ օրն է, սակայն հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին տեղեկատվություն առկա չէ, հետևաբար Արմեն Սարգսյանի հրաժարականն արդեն հաստատված է: Այդ օրվանից մինչեւ այժմ նախագահի հավանական թեկնածուների տարբեր անուններ շրջանառվեցին՝ Էդմոն Մարուքյանից մինչեւ Արայիկ Հարությունյան, սակայն երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ի վերջո ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանիի վրա եւ նրա թեկնածությունն առաջարկել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: