Մարտական հերթապահության ավանդական մոդելն արդեն կորցրել է իր էֆեկտիվությունը. Տիգրան Աբրահամյանը՝ սահման այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի օրը, ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներ Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը մեկնել էին առաջնագիծ: Վանեցյանն այդ օրը գրառում էր կատարել. «Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ այցելել էիք առաջնագիծ: Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը:

-Սահմանային անվտանգության մոդելը, որը ներկայումս գործում է, պետք է վերափոխվի: Ընդ որում, արմատական վերափոխումների պետք է ենթարկվի: Այն համակարգը, ինչ ունեցել ենք մինչեւ քառասունչորսօրյա պատերազմը, ներկայումս չի կարող արդյունավետորեն ապահովել սահմանի անվտանգությունը: Աշխատանքների բավականին մեծ ճակատ կա, որ պետք է իրականացնել, դա վերաբերում է անհրաժեշտ ենթակառուցվածքներին, վերջացրած տեխնիկական ապահովման հարցերին, որի դետալացումը նպատակահարմար չեմ համարում հանրայնացնել: Բայց անելիքների հսկայական ճակատ կա, բայց ամենակարևորն այն է, որ պետք է ունենալ նոր մոդել եւ նոր մոդելի շուրջ իրականացնել այդ աշխատանքները: Առկա իրողությունների պարագայում մարտական հերթապահության ավանդական մոդելն արդեն կորցրել է իր էֆեկտիվությունը: Պետք է առաջ մղել սահմանային անվտանգության  նոր կոնցեպցիա, ինչը ենթադրում է տեխնոլոգիական նոր մոդելներ եւ տեխնոլոգիական հագեցվածություն:

-Իսկ 44-օրյա պատերազմից հետո արված աշխատանքի ականատես եղա՞ք:

-Շատ հարաբերական է ասել փոփոխություններ: Մի կողմից կան տեղակայված դիրքեր, որոնք բնականաբար այդ բնագծում չեն եղել, այսինքն նոր բնագիծ է, որովհետև իշխանությունները Քարվաճաrի եւ Քաշաթաղի հանձնումից հետո սահմանային այդ հատվածներում նոր բնագծեր են առաջացել, տեղակայվել են մարտական դիրքեր: Սակայն մարտական դիրքերի տեղակայումը, նվազագույն կենցաղային պայմանների ապահովումը բավարար չեն մարտական հերթապահությունը բարձր մակարդակով իրականացնելու եւ ըստ անհրաժեշտտության մարտական գործողություններ իրականացնելու համար: Դեռեւս, ինչպես նոր բնագծերում, այնպես էլ նախկին բնագծերում, որոնք մենք նախկինում էլ մարտական հերթապահություն ենք իրականացրել, մեծ անելիքներ ունենք, որոնք մենք պետք է իրականացնենք, սակայն շատ արագ պետք է դրանք կատարել: Այս պահին տեմպը բավարար չէ, առհասարակ մոտեցումները, այն ինչ դրված է սահմանային ապահովման ուղղությամբ, բավարար չեն եւ ահռելի աշխատանքներ կան կատարելու:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս