Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:

Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների մաղթանքներս»:

Չինաստանի վարչապետին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»:




Լրահոս