Փետրվարի 4-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը: Փաթեթի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է:
Ըստ փոփոխությունների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը համարվում է վերացված, եւ դրա փոխարեն ստեղծվում է Քաղաքացիական եւ Վարչական պալատներ, որոնք համարվում են ստեղծված Վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրելու պահից: Քաղաքացիական պալատում պաշտոնավարելու է առնվազն 5 դատավոր: Առաջխաղացման կարգով Քաղաքացիական կամ Վարչական պալատի դատավոր նշանակված դատավորները մինչեւ պալատների ստեղծված համարվելը շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոնում եւ համապատասխանաբար Քաղաքացիական կամ Վարչական պալատի դատավորի պաշտոնը ստանձնում են պալատների ստեղծված համարվելու պահից:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն դատավորները, որոնք մինչեւ Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատի ստեղծված համարվելուց հետո: Գրավոր համաձայնություն ներկայացրած դատավորները մինչեւ Վարչական պալատի ստեղծված համարվելը պաշտոնավարում են որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ:
Ն.Հ.