Կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացել են տասնյակ հազարավոր տոննա բժշկական նոր թափոններ, որոնք կարող են վնասակար լինել հանրային առողջության համար։ Այս մասին ասվում է ԱՀԿ վերլուծության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԱՀԿ-ի «Գլոբալ բժշկական թափոնների վերլուծությունը COVID-19-ի համատեքստում. կարգավիճակ, հետևանքներ և առաջարկություններ» զեկույցի հեղինակների եզրակացություններով, 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի հետ համատեղ արտակարգ իրավիճակների նախաձեռնությունը գնել և տրամադրել է մոտավորապես 87 000 տոննա պաշտպանիչ միջոցներ՝ բավարարելու երկրների հրատապ կարիքները COVID-19-ի դեմ պայքարում: Այդ ապրանքներից գրեթե բոլորը ի վերջո վերածվել են թափոնների։ Ընդհանուր առմամբ հատկացվել է ավելի քան 140 միլիոն թեստ, որը կարող է վերածվել 2600 տոննա պլաստիկի և 731 000 լիտր քիմիական թափոնների, և արատադրվել է մոտ 144 000 տոննա ներարկիչներ, փաթեթներ և ասեղներ։
ԱՀԿ-ն պարզաբանել է, որ համաճարակի ժամանակ առանձնահատուկ նշանակություն ունի բժշկական արտադրանքի անվտանգ օգտագործումը։