Տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի մասնագետները վերստուգում են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի «Հայասի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Վերստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից թույլ են տրվել էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային անվտանգության բնագավառների իրավական ակտերի պահանջների 3 տասնյակից ավելի խախտումներ։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Մասնավորապես՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից՝

Գազատարի վրա հսկիչ չափիչ կետերը բնակավայրերի տարածքից դուրս տեղակայված չեն իրարից 500 մ հեռավորության վրա,
Առկա չեն գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական մի շարք հրահանգներ,
Չեն կատարվում գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) և պրոֆիլակտիկ պլանային վերանորոգումը,
Գազի մատուցման աշխատանքների կարգագիրը չի կցվում օբյեկտի կատարողական, տեխնիկական փաստաթղթերին և չի պահվում,
Գազատար խողովակները չունեն արտադրող գործարանների հավաստագրերը կամ դրանց՝ սեփականատիրոջ կողմից հաստատված պատճենները,
Հակագազերը, նախապաշտպանական գոտիները, ապահովման ճոպանի կեռիկները և թոկերը պարբերաբար չեն փորձարկվում,
Հրդեհային անվտանգության բնագավառից

Ներքին հակահրդեհային ջրացանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով,
Արտադրական շենքերն ու շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով,
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին,
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը ոչ սարքին վիճակում է։
Տեսչական մարմինն արձանագրված խախտումները վերացնելու կարգադրագրեր էր տվել ընկերությանը։ Տնօրեն Վ․Բաղդասարյանը կարգադրագրերի պահանջները չի կատարել, և ՏՄ կողմից կազմվել է վերստուգման ակտ։

Այսպիսով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 187-րդ հոդվածի 3-րդ մասով, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայասի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Բ․-աղդասարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ 105-րդ հոդվածի հատկանիշներով նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50 հազար, իսկ 187-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ 150 հազար ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 200 հազար ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։

Ի դեպ, «Հայասի գրուպ» ՍՊԸ -ն պատկանում է Բաղդասարյանների ընտանիքին:




Լրահոս