ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ԷԼԻ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի եւ երկու ամիս անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, սակայն ոչ պատշաճ կատարված խնդիր: Համենայնդեպս, տարբեր պաշտոնյաներ (պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպան) առաջնագիծ մեկնելուց հետո չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ իհարկե անվտանգության նկատառումներից ելնելով շատ մանրամասներ չհայտնելով: Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ առաջնագիծ մեկնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այն համակարգը, ինչ ունեցել ենք մինչեւ քառասունչորսօրյա պատերազմը, ներկայումս չի կարող արդյունավետորեն ապահովել սահմանի անվտանգությունը»: «Աշխատանքների բավականին մեծ ճակատ կա, որ պետք է իրականացնել։ Դա վերաբերում է անհրաժեշտ ենթակառուցվածքներին, վերջացրած տեխնիկական ապահովման հարցերին, որի դետալացումը նպատակահարմար չեմ համարում հանրայնացնել: Առկա իրողությունների պարագայում մարտական հերթապահության ավանդական մոդելն արդեն կորցրել է իր էֆեկտիվությունը: Պետք է առաջ մղել սահմանային անվտանգության  նոր կոնցեպցիա, ինչը ենթադրում է տեխնոլոգիական նոր մոդելներ եւ տեխնոլոգիական հագեցվածություն», – նկատեց նա: Իսկ, ահա, Գեղամ Մանուկյանը թեեւ մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ առկա դժգոհությունների մասին տեղեկությունները  կփոխանցեն համապատասխան ատյաններին՝ դրան զուգահեռ ընդգծելով, որ երկար ժամանակ փորձել են աաջնագիծ գնալ, սակայն միշտ մերժում են ստացել ՊՆ-ից: Նկատենք՝ պատերազմի ավարտից հետո, երբ նոր բնագծեր են ավելացել, սահմանային կահավորման հարցը պետք է այս իշխանությունների համար առաջնային լիներ, սակայն, կարծես թե, իշխանությունների համար այլ հարցեր են կարեւոր՝ հարսանիք, կնունք, ծնունդ, պաշտոնների փոխատեղում: Հիշեցնենք՝ դեռ 2021 թվականի մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց, թե կահավորվում է առաջնագիծը, պարզապես մենք չենք տեսնում, եւ լավ է, որ չենք տեսնում: Այդ հարցուպատասխանից 8 ամիս անց Թագուհի Թովմասյանի բարձրացրած հարցը շարունակում է արդիական մնալ։ Նախօրեին էլ առաջնագիծ մեկնած ընդդիմադիր պատգամավորներն են արձանագրել, որ կահավորանքը շարունակում է խնդրահարույց մնալ:

 

 

 

««Դաշնակցության»՝ մարտին կանալիք ընդհանուր ժողովը հերթական, հաշվետու ընտրական ժողովն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Ազգային ժղովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ ժողովի ընդհանուր օրակարգը ներկայացնելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի: «Ընդհանուր ժողովին ազգային, ռազմավարական, պետական, համայնքային, սփյուռքին, արտաքին  քաղաքական հարցերին, ուղեկից միություններին, Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսություններին վերաբերող հարցեր են քննարկվում»,- նշեց նա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հնարավոր է, բյուրոյի նախագահ ընտրվի եւ այդպիսով մեծ քաղաքականություն վերադառնա: Տեղեկության մասով Մանուկյանն ասում է, որ ընդհանուր ժողովներից առաջ սովորաբար միշտ էլ տեղեկության տարափ է լինում, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, ինչը նաեւ այս անգամ եղավ: «Ընդհանուր ժողովի ընթացքում է ընտրվում բյուրո, շատ անդամներ նաեւ վերընտրվում են, շատ անդամներ էլ, որոնց տարիքը համապատասխանում է, համարվում են թեկնածու, դրանից դուրս, դրանից առաջ այլ հարթակներում, այլ վայրերում ու հարթակներում չի ընտրվում բյուրոյի կազմ»,- հավելում է պատգամավորը:.. Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ում տեղի կունենա միջադեպի մասնակիցների առերեսումը, այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ եւ կառերեսվեն դեպքի հանգամանքները պարզելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խորհրդարանում միջադեպ էր գրանցվել: Ըստ հրապարակումների՝ ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էին նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները: Միջադեպի կիզակետում էր «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ինչպես նաեւ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը:

 

 

 

FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին դեռ ազատ ավիատոմսեր կան: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո: Մեզ հայտնի դարձավ, որ Ստամբուլ մեկնող քաղաքացիների թվում կան նաեւ գործարարներ, հատկապես՝ առեւտրականներ, որոնք թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման արդյունքում օդային ճանապարհով պատրաստ են սկսել իրենց առեւտրային հարաբերությունները թուրք գործընկերների հետ: Տեղեկացնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Բացի այս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին եւ 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: Թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսի արժեքը փետրվարի 3-ի համար կազմում է շուրջ 54 հազար դրամ:




Լրահոս