ԱՐՑԱԽՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ է ստորագրել հրամանագիրը. հայտնում են նրա աշխատակազմից:

 

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:

Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Նշենք, որ Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հունվարի 18-ին Ստեփանակերտում հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի ղեկավարը խոսել է Սահմանադրության հնարավոր փոփոխությունից։

Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում երեկվա հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի ղեկավարը խոսել է Սահմանադրության հնարավոր փոփոխությունից։

«Պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ եւ նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը»,- կարդում ենք հաղորդագրությունում։ Արցախի ներկայիս Սահմանադրությունը երկրորդն է, ընդունվել է 2017 թվականի փետրվարին հանրաքվեի միջոցով, որի հիման վրա էլ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական կառավարման համակարգից դարձավ նախագահական։ Օրինակ՝ հինգ տարի ժամկետով ընտրվող Արցախի նախագահը, ըստ գործող մայր օրենքի, եւ՛ պետության, եւ՛ գործադիր իշխանության գլուխն է, ղեկավարում է ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը, նշանակում եւ ազատում է պետական նախարարին, նախարարներին, կառավարում է պետական սեփականությունը, ֆինանսական միջոցները եւ այլն։ Արցախում վարչապետ չկա, նրա գործառույթը փաստացի կատարում է պետնախարարը։ Ուշագրավ է, որ Արցախի եւ՛ առաջին Սահմանադրությունը, որը դարձյալ ընդունվել էր հանրաքվեի միջոցով 2006թ. դեկտեմբերին, եւ՛ երկրորդը ընդունվել են Հայաստանի Սահմանադրության համապատասխանաբար առաջին ու երկրորդ փոփոխություններից ընդամենը մեկ եւ երկու ամիս անց։

Նկատենք, որ Հայաստանում եւս սահմանադրական փոփոխությունների գործընթաց է ընթանում, եւ արդեն հայտնի է խորհրդի կազմը: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը եւ «Պատիվ ունեմ»-ը, բոյկոտում են այս նախաձեռնությունը եւ թեկնածուներ չեն առաջադրել։

Իշխանությունից խորհրդում ընդգրկվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը նաեւ կղեկավարի այս կառույցը, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը եւ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում են ընդգրվել նաեւ արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից Մասիս Մելքոնյանը։

Արդարադատության նախարարությունը մրցույթով ընտրել է քաղհասարակության ներկայացուցիչներին՝ իրավապաշտպաններ Դանիել Իոաննիսյանին, Տիգրան Եգորյանին եւ Արթուր Սաքունցին։ Խորհուրդն իր հերթին ձեւավորելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որում արդեն պետք է ընդգրկվեն պրոֆեսիոնալ իրավաբաններ։

Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, թե այս նախաձեռնությունն ամենեւին չի նշանակում, որ Սահմանադրական փոփոխություններ հաստատ տեղի կունենան. «Հարց կարող է ծագել, թե ինչու եք ստեղծում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Եթե շատ պարզ ասեմ, մենք խնդիր ունենք չորս տարվա գործունեությունից հետո, էսպես ասած, աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը եւ տեսնել, թե ինչ լավարկման տեղեր եւ հնարավորություններ կան։ Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձեւավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, աուդիտի արդյունքում, որից հետո նաեւ արդեն քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը կգա, հերթը կգա»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է. «Սահմանային անվտանգության ապահովման եւ արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։ Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչեւ 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու, կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։ Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի ելակետային հնարավորություն ունես, ինչպես ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչեւ թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր եւ այլն։ Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխությունները՝ իներցիոն»։

 

 

ԹՎԵՐ

2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին, 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետեւյալ կերպ.

l ծառայություններ՝ +7.8%, առեւտրի շրջանառություն՝ +7.5%,

l շինարարություն՝ +7.4%, արդյունաբերական արտադրանք՝ +3.3%:

Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում: 2021թ.-ի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով: Հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով:

 

 

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է

Հունվարի 31-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ատոմ Ջանջուղազյանը 2018-ի մայիսին նշանակվել էր ֆինանսների նախարարի պաշտոնում։

 

ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ՀԻՄՔ ՉԵՆ

Ադրբեջանում արդեն 8 ամիս պահվող հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի ու Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը մոտենում է ավարտին։ Երկու պայմանագրային զինծառայողները գերի էին ընկել նախորդ տարվա մայիսին, երբ Գեղարքունիքի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ էին կատարում: Ադրբեջանում նրանց դատաքննությունն արդեն ավարտվել է, դատախազն էլ ժամանակ է խնդրել մեղադրական եզրակացությունը ներկայացնելու համար։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն ասում է, որ նման դատավարությունների մեղադրական դատավիճիռները հիմք չեն, որպեսզի ադրբեջանական կողմը չվերադարձնի հայ ռազմագերիներին: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ նման նախադեպեր եղել են, երբ հանցագործության մեջ մեղադրվողները Հայաստան են վերադարձվել: Պատգամավորը հավելում է նաեւ, որ ադրբեջանական դատարանների դատավճիռները չպետք է բողոքարկվեն եվրոպական ատյաններում, քանզի դա տվյալ դատավճիռների լիգիտիմացում կնշանակի:

 

«ՊԱՌԱՑԵՏԱՄՈԼ»-Ի ԴԵՖԻՑԻՏ

Եթե որոշել եք ջերմիջեցնող «Պարացետամոլ» գնել, ապա չեք գտնի. հայաստանյան դեղատներում «Պարացետամոլ»-ի դեֆիցիտ է: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ նշված դեղամիջոցի գինը, պահանջարկի ավելացմանը զուգահեռ, զգալի բարձրացել է. որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով, որոշներում՝ 140 կամ 200 դրամով: Քիչ չէ, որ տնտեսվարողներն անհիմն բարձրացրել են դեղամիջոցի գինը, հիմա էլ այն չկա: Երեկ ArmLur.am-ի թղթակիցը թվով վեց դեղատուն այցելեց՝ «Պարացետամոլ»-ի համար, սակայն որ դեղատուն մտանք, մեզ աշխատակիցն ասում էր. «Վերջացել է, չկա»: Վերջապես մի դեղատնից գտանք «Պարացետամոլ»՝ 130 դրամով: Ի դեպ, այս դեղատանը եւս դեղամիջոցը վերջացել էր, բայց տնօրենին հաջողվել էր 10 տուփ հայթայթել, որը մի քանի ժամում կսպառվի: Տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Հուսանք՝ մեր այս հրապարակումը բավարար կլինի, որպեսզի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն անի դեղորայքի շուկայում եւ պարզի, թե ինչ պատճառով «Պարացետամոլ»-ի գինն օրերի ընթացքում կտրուկ բարձրացավ, եւ արդյոք դեֆիցիտը տնտեսվարողների կողմից է ստեղծվել: Ի դեպ, ArmLur.am-ը քաղաքացիներից չի դադարում ահազանգ ստանալ նաեւ «Դիկլոն» մանկական մոմիկների մասին, որոնք նույնպես ջերմիջեցնող են համարվում եւ նույնպես դժվար է գտնել դեղատներում։

 




Լրահոս