ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ ԵՎ ՔՆՆՎՈՂ ԵՎՍ 6 ԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ պայմանավորված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու եւ վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը: 2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ քննված 3 քրեական գործ: Դրանցից մեկով կայացվել է մեղադրական դատավճիռ:

 

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիի տարածքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կանգառն արգելող դեղին հոծ գծանշման ազդման գոտում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար արձանագրություն կազմելու նպատակով մեքենայի մոտ հրավիրված հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Դ. Հ.-ն, վարչական իրավախախտում կատարելու եւ դրա համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու մասին պարեկի կողմից տեղեկացվելուց հետո, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու եւ իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար վերջինիս առաջարկել է 5000 ՀՀ դրամ կաշառք:

Նույն պահին կաշառք տալու կասկածանքով վարորդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի՝ 2022թ. հունվարի 27-ի դատավճռով՝ Դ. Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման համար եւ դատապարտել տուգանքի՝ 120.000 ՀՀ դրամի չափով: Դատարան ուղարկված մյուս երկու քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է: Դրանցով երկու վարորդի մեղադրանք է առաջադրվել 2021թ. նոյմեբերին՝ տարբեր օրերի, իրենց կողմից կատարված ՃԵ կանոնների խախտման համար արձանագրություն չկազմելու եւ վարչական պատասխանատվության չենթարկելու նպատակով պարեկներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու համար: Երկու դեպքում էլ վարորդներն անմիջապես բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ: Բացի վերոնշյալը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ներկա պահին քննվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին քաղաքացիների կողմից նույնաբնույթ պայմաններում տարբեր վարչական իրավախախտումներ չարձանագրելու համար կաշառք առաջարկելու դեպքերի վերաբերյալ հարուցված եւս 4 քրեական գործ: 2022թ. կատարված նմանաբնույթ մի քանի դեպքերի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Նշված տվյալները փաստում են, որ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների կողմից ընդգծված հետեւողականություն եւ անհանդուրժողականություն է դրսեւորվում վարորդների կողմից վարչական պատասխանատվությունից խուսափելու համար պարեկներին կաշառք առաջարկելու նկատմամբ: Չնայած դրան՝ քաղաքացիների կողմից այդ արատավոր պրակտիկան դեռեւս շարունակվում է: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

Ն. Պ.

 

 

ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ

Ոստիկանությունը պարզել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։ Պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։ Պարզվել է նաեւ, որ նրանք մահացել էին շմոլ գազից։ Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 17։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին։ Փրկարարները, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել էին շմոլ գազից։ Նրանք ամուսիններ էին:

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԵՂԾԵԼ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության ծառայողների կողմից հանցավորության դեմ պայքարի իրենց գործառույթների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երեւանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները, իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի չպատվաստելու, սակայն պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ստացումն ապահովելու համար պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն հանդիսացող տարբեր չափերի գումարներ՝ ձեւացնելով վերջիններիս պատվաստումը, իսկ այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են: Արդյունքում, հիշյալ հանրային ծառայողների կողմից իբր պատվաստված լինելու վերաբերյալ տրված կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «Արմեդ» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով եւ լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ

«Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն»,- հայտնել է ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին եւ, իհարկե, այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը: Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն, համաձայն Սահմանադրության, Բարձրագույն դատական խորհուրդն է:

Այսինքն՝ հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»,- նշել է նա:

Ավելի վաղ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել ու նշել, որ մտահոգություն են հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում՝ անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։

 

 

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

Ազատ կարձակվի գերությունից հայրենադարձված, ապա հայրենիքում կալանավորված Սերժիկ Ամիրխանյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանյանի նախագահությամբ, մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը։ Այս մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 

 




Լրահոս