Երեկ Հանրապետության հրապարակում մի քանի վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ պարտադիր ապահովագրության թանկացումների:
Ոստիկանները որոշ վարորդների մեքենայից իջեցնում ու բերման էին ենթարկում:
«Բա՛ց մեքենայի դուռը, թե չէ շուշեն կջարդեմ»,-ասում էր ոստիկաններից մեկը:
Կենտրոնի մի քանի փողոցներում երթեւեկությունը խոչընդոտված էր:
Հատուկ տարհանման ծառայությունը առանց վարորդների մնացած մեքենաները դուրս էր բերում հրապարակից:
«Նախկինում, օրինակ՝ իմ մեքենայի համար ԱՊՊԱ-ն տարեկան կազմել է 36 հազար դրամ, նոր ընդունված օրենքով արդեն 3 հազար դրամ թանկանալու է, եթե վթար չենք ունենում: Ես ոչ մեկի հետ հանդիպելու ակնկալիք չունեմ, ուղղակի իմ անհամաձայնությունն եմ ցույց տալիս»,-ասում է ակցիային մասնակցող վարորդներից Սեւան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարություն էր տարածել, որում նշվում է.
«Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ Բյուրոյի խորհրդի կողմից տարին մեկ սահմանվում են հիմնական եւ բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները եւ Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Ստորեւ բերված է վերոհիշյալ դրույթի հիման վրա բյուրոյի խորհրդի կողմից 2021 դեկտեմբերի 23-ի նիստում ընդունված եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի հունվարի 25-ին գրանցված որոշումը եւ դրա հիմնավորումը։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չեն ենթարկվել ներդրումից ի վեր՝ 2010 թվականից։ Այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Ներդրվել է ուղիղ հատուցումների համակարգը, որը թույլ տվեց բարձրացնել ծառայությունների որակը՝ մեծացնելով հատուցումների չափը եւ հատուցման արագությունը։
Ներդրվել է մինչեւ 200.000 ՀՀ դրամ վնասով պատահարների ինքնուրույն կարգավորման համակարգը, որը ոչ մեծ վնասներով դեպքերում թույլ է տվել ավելի հարմար եւ արագ կարգավորումներ ունենալ՝ միեւնույն ժամանակ համակարգի վրա թողնելով հնարավոր զեղծարարություններից բխող վնասները։
Առավելագույն հատուցման սահմանաչափերը տասնապատիկ ավելացվել են՝ հասցելով 18 մլն դրամի եւ 33 մլն դրամի՝ համապատասխանաբար գույքի եւ անձնական վնասների մասով։ Համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները՝ հանգեցնելով Բոնուս-Մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։ Հատկապես վերջին մի քանի տարում գրանցված վերանորագման եւ պահեստամասերի գների աճը հանգեցրել է հատուցումների ծավալի մեծացմանը։ Այս տարիների ընթացքում սակագների աճի վրա վերոհիշյալ եւ այլ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների եւ տեխնոլոգիական ու հսկողական բարելավումների հաշվին։ Սակայն վերջին տարիներին դիտվում է ԱՊՊԱ ոլորտում ծառայությունների մատուցման որակի նվազում (մասնավորապես գրանցվում են վնասների թերագնահատման, վճարումների ուշացման դեպքեր եւ այլն)։ Բյուրոն գնահատում է, որ առկա սակագների ներքո այս իրավիճակը կարող է նաեւ հանգեցնել ապահովագրական ծառայությունների մատուցման խափանումների եւ համակարգի ֆինանսական կայունության ռիսկերի։ Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները եւ հաշվեկշռվեն բոնուսային եւ մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը եւ հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը։ Բյուրոն, քննարկելով վերոնշյալը եւ գնահատելով, որ հիմնական ապահովագրավճարի 3000 դրամ ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետեւանքներ ունենալ հատկապես խոցելի խմբի ապահովադիրների համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը՝ անցում կատարելով խմբային սակագներից դեպի ավելի արդար՝ անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությանը։ Անհատական ռիսկերի վրա հիմնված գնագոյացումը կբացառի խմբային հատկանիշների վրա հիմնված գնագոյացման այնպիսի բացասական իրավիճակը, երբ, օրինակ, տաքսի նպատակով շահագործվող կամ բարձր ձիաուժ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում ավելի բարձր ապահովագրավճար վճարել զուտ այդ խմբում գտնվելու պատճառով՝ անկախ այն հանգամանքից, որ երբեւէ չեն ունեցել վթարներ եւ ռիսկային չեն, ինչի պատճառով վերջինները հաճախ խուսափում են ավտոմեքենայի օգտագործման ճիշտ նպատակի նշումից՝ առաջացնելով կեղծ տեղեկատվության տրամադրումից բխող բացասական հետեւանքներ (պայմանագրի վաղաժամկետ դադարեցում, հետադարձ պահանջ):
Ս.Հ.
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները: Առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը՝ 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց՝ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչեւ 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:
«Ամերիկյան հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի առաջարկի հիման վրա ԱՄՆ-ում ինքնամեկուսացման ժամկետի տեւողությունը սահմանվել է 5 օր: Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան եւ Շվեյցարիան՝ 5 օր: Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է ինքնամեկուսացման ժամկետ սահմանել պատվաստված անձանց համար 7 օրացուցային օր, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օր, որը կարող է կրճատվել մինչեւ 7 օրացուցային օր՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: Որոշման գործողությունը տարածվում է նաեւ որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:
Ն.Պ.
ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղում hունվարի 28-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված hայոց բանակի 30-ամյակին։ Միջոցառումը սկսվեց Հայաստանի եւ Արցախի համար իրենց կյանքը զոհաբերածներին նվիրված հուշահամալիրի այցելությամբ, որը հառնում է սահմանամերձ գյուղի բարձունքում։ Դրանից հետո միջոցառումը շարունակվեց Բերդավանի մշակույթի տանը։ Ներկա էին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարական կազմը, բազմաթիվ զինծառայողներ, կամավորներ, 44-օրյա պատերազմից վերադարձած ժամկետային զինվորներ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ներկայացուցիչներ, հյուրեր։ «Բերդավան» հիմնադրամի հրավերով միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Թբիլիիսից հյուրեր՝ Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային եւ երիտասարդական խմբի անդամները՝ Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու սարկավագ Գեւորգ Ավետիսյանի հետ։ Միջոցառումը հարգանքի եւ խոնարհման դրսեւորումն էր այն մարդկանց հանդեպ, որոնք ուժ, եռանդ եւ անգամ կյանք չեն խնայում հայրենիքի պաշտպանության եւ բանակաշինության կարեւոր գործում։ Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, որտեղ միախառնված էին հուզմունքը, հպարտությունը եւ հույսը՝ հաղթական գալիքի հանդեպ։
ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ հունվարի 26-ին կայացած համայնքի ավագանու նիստում հաստատվել են համայնքապետարանի հաստիքացուցակները։ Թեեւ Ա. Աղաբաբյանը պաշտոնապես նշանակումներ չի արել, սակայն արդեն հայտնի են համայնքի ղեկավարի երկու տեղակալների անունները։ Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի տեղակալներ են նշանակվելու Մհեր Աղամյանը եւ Սամվել Բուդաղյանը։ Մհեր Աղամյանը դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում Ա. Աղաբաբյանի մրցակիցն էր, անկուսակցական Մ. Աղամյանը գլխավորում էր «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության թեկնածուների ցանկը, նա երկար ժամանակ աշխատել է բանկային ոլորտում, հետո՝ զբաղվել գործարարությամբ։ Ս. Բուդաղյանը երկար տարիներ զբաղեցրել է զբաղվածության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը, դեկտեմբերի 5-ի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների ցանկի 4-րդ տեղում էր։ Ա. Աղաբաբյանը հայտնեց, որ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող բնակավայրերի վարչական ղեկավարներ դեռ չի նշանակել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ