«ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ԳԵՈՊՈԼԻՏԻԿ ՈՒԺԵՐԻ ՇԱՀԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հստակ գնում է դեզինտեգրացիոն գործընթաց Հայաստանի եւ Արցախի միջեւ։ Խայտառակ պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները, փոխանակ մեծացնեն կապը Արցախի հետ, ամեն կերպ փորձում են լվանալ իրենց ձեռքերը Արցախից»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Արցախում մարդիկ տեսնում են, որ կապը Հայաստանի հետ քիչ-քիչ կտրվում է։

 

Նոր ճանապարհ են փորձում կառուցել, Ադրբեջանը նոր ենթակառուցվածքային ներդրումներ է անում, Աղդամի խաչմերուկում մեծ էլեկտրակայան են կառուցում, ադրբեջանական զինվորները գնալով ավելի են լկտիանում, եւ եթե Հայաստանի քաղաքականությունը չփոխվի, ապա օրեցօր Արցախի հետ կապը կկտրվի»,-ասել է նա։ Խոսելով Արցախում ՀՅԴ կառույցների աշխատանքների եւ այդ համատեքստում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատելու մասին՝ Խաչատրյանը նշել է, որ նախ պետք է հասկանալ՝ որքան սերտ հարաբերություններ ունի Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ թե՛ Արայիկ Հարությունյանը եւ թե՛ Նիկոլ Փաշինյանը նույն քաղաքականությունն իրականացնող մարդիկ են։ «Ներքին եւ արտաքին թշնամիները շատ արագ են աշխատում, եւ այս իշխանությունները ոչ միայն բարեկեցության եւ անվտանգության, այլեւ գոյության խոչընդոտ են։ Փոխանակ այս մարդիկ ասեն, որ հույսը չի կորել, բանակը հզորացնեն, Արցախի հետ կապը ուժեղացնեն, փորձում եմ սովորեցնել մարդկանց համակերպվել, որ ամեն ինչ կորած է»,- նշել է նա։ Պատգամավորի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Սփյուռքում գործողություններ են նախատեսվում. «Այն, որ Հայաստանի ներկայացուցիչները գնում են արտասահման եւ չեն շփվում Սփյուռքի հետ, դա փաստ է։ Ինչո՞ւ «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը չարեցին, որովհետեւ հասկացան` Սփյուռքը ինչպես է վերաբերվում այս իշխանություններին, հատկապես՝ հիմնադրամի միջոցների շատ կասկածելի օգտագործումից հետո»։ Ինչ վերաբերում է ընդդիմության ակտիվ գործողություններին եւ փողոցային պայքարին վերադառնալուն, Արթուր Խաչատրյանը նշել է. «Մենք մարզային այցելություններ ենք ունենում, պատրաստում ենք մարդկանց, որ հանենք փողոց, դա մեր վերջին փամփուշտն է,պարապ օդ կրակելու իրավունք չունենք, փողոցային պայքարի համար այս պահին հող է նախապատրաստվում։ Համաձայն եմ, որ առանց փողոցի պայքարի հնարավոր չէ հարց լուծել։ Նրանք, ովքեր փորձում են մեղադրել «Դաշնակցությանը», պետք է հասկանանք` իրենք ինչ են արել, եւ այդ մեղադրողների լարերը որտեղ են տանում»։ Խոսելով նախկին խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայիս ընդդիմության վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Խաչատրյանը ընդգծել է. «Այն ժամանակ, երբ փողոցը ակտիվ էր, խորհրդարանը պասիվ էր։ Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը հրավիրում էր Անվտանգության խորհրդի նիստ եւ դրան հրավիրում նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, Փաշինյանի դահլիճ մտնելու ժամանակ ընդդիմադիրներից մեկը ոտքի կանգնեց եւ փոխանակ դահլիճում խոսի, երբ Փաշինյանը ներկա էր, դահլիճից դուրս է գալիս ու փողոցում է խոսում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերն էլ փորձում են, այսպես ասած, «շախի տալ» եւ արկածախնդրության տանել»։ Անդրադառնալով օրերս ԵԽԽՎ-ի կողմից «Հայաստանում ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձեւի ընդունմանը՝ Արթուր Խաչատրյանը ասել է. «Այդ երկրները իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ձեւավորում են՝ ելնելով ոչ թե Հայաստանի իշխանությունների ներքին քաղաքականությունից, այլ Հայաստանում իրենց ունեցած շահերից։ Փաշինյանը բավարարում է տարբեր գեոպալիտիկ ուժերի շահերը, գլուխը կախ՝ ամեն ինչ անում է, ինքը ձեռնտու է բոլորին։ Եվրոպային պետք է, որ այստեղ լինի հանդարտ վիճակ, որ էներգակիրների տրանզիտին որեւէ վտանգ չսպառնա։ Պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ սա է ԵԽԽՎ-ի այդ բանաձեւի մոտիվացիան։ Այն, որ խորհրդի 24% տոկոսն է մասնակցել քվեարկությանը, դա եւս կուլիսային աշխատանքների արդյունք է»։ Պատգամավորը հավելել է, որ ընդիմությունից կային ակնկալիքներ, որոնք երբեմն իրատեսական չէին։ «Պետք է հասկանալ` եթե ուզում ենք փրկել այս երկիրը, որպեսզի Հայաստանը չդառնա Թուրքիայի կցորդ, պետք է համատեղել խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարը։ Պետք է նաեւ հասկանալ, որ շատ ուժերի նպատակը «Հայաստան» դաշինքին վարկաբեկելն է»,- նշել է նա։

Ն. Պ.

 




Լրահոս