Այս տարի հայոց բանակը տոնում է կազմավորման 30-ամյակը: Չնայած 2020 թվականը հայ ժողովրդի համար կորուստներով եւ բազում արհավիրքներով լի տարի էր, այնուամենայնիվ մենք հպարտ եւ միշտ պարտական ենք մեր զինվորներին, սպաներին:
Հայոց բանակի օրվա առթիվ ArmLur.am-ը անդրադարձել է մշակութային գործիչներին եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք պատերազմի օրերին անմասն չեն մնացել եւ լծվել են հայրենիքի պաշտպանման սուրբ գործին: Այսօր արդեն ներկայացնում ենք, թե ով ինչ մաղթանք է հղել հայ զինվորին:
Ազգային երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը, շնորհավորելով բանակի 30-ամյակը, գրել է. «Տոնդ շնորհավոր, հա՛յ զինվոր…Հազար փա՛ռք երկնային բանակի մեր հերոսներին…»:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը, հրապարակելով զինվորական համազգեստով դստեր լուսանկարը, մակագրել է. «Շնորհավոր տոնդ, իմ անպարտելի՛ Հայոց բանակ»:
Երգիչ Արաբո Իսպիրյանը տեղադրել է տեսահոլովակ, որին կից գրել է. «Տոնդ շնորհավոր, հա՛յ զինվոր»:
Դերասան Գրիգոր Դանիելյանը շնորհավորել է բանակի օրը եւ կիսվել բանակի մասին իր պատկերացումներով. «Ովքեր տեղյակ չեն (ընթացքում պարզվեց շատերը, հիմնականում չծառայածները), բանակում պայմանները պետք է լինեն դաժան: Ինչու՞. եթե պատերազմական իրավիճակում հայտնվենք, զինվորը պետք է կարողանա դիմակայել սովին եւ ցրտին, հետեւաբար եթե կազառման շատ տաք է, դրանից պետք չի ուրախանալ (մեր չաստի կազարմայի պատուհանը կոտրվեց, ցելոֆան քաշեցին, գիշերները բուշլատով ու սապոգներով էինք քնում): Կամ եթե զինվորը ցորեն է ուտում, պետք չի նեղվել, պատեպատ տալ գլուխդ, որ երեխեն ցորեն է ուտում, ոչ թե կլուբնիկ: Զինվորը պետք է սովորի սովին դիմակայել, որ պատերազմական իրավիճակում լինի կոփված (ոչ թե մամայի բալա):
Զինվորը պետք է քնելու մասին չմտածի, պետք է սովորի անքուն մնալ, որ արտակարգ իրավիճակում ոչ թե դեղ խմի, որ արթուն մնա, այլ օրգանիզմը սովոր լինի դրան: Զինվորը պետք է պատրաստ լինի հոգեբանական ճնշմանը, որ պատերազմական իրավիճակում հոգեկանը չխանգարվի:
Մեր մեծերը ասում էին. «Էրեխեն գնա բանակ, կոփվի, տղամարդ դառնա»: Ես էլ եմ նույն կարծիքին՝ տղեն պետք է տղամարդ դառնա ու լինի կոփված, ու էդ հարցում յուրաքանչյուր տղու կողքին միշտ կանգնած է եղել բանակը:
Տոնդ շնորհավոր, հայոց բանակ, դու պետք է լինես ուժեղ, ինչպես նախկինում:
Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ, հերո՛ս տղերք»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում հայրենիքի փրկության գործին էին լծվել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք են Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Հրանտ Թոխատյանը, Բաբկեն Չոբանյանը, դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի եղբայրը՝ Վահան Թովմասյանը, դերասաններ Հայկ Չոմոյանը, Գնել Սարգսյանը եւ ուրիշներ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱԶԿԱՄԱՐԴԸ» ԳԻՐՔԸ
Հետախույզ Սարգիս Ստեփանյանի եւ ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» գիրքը, պարզապես Սարգիս Ստեփանյանի կենսագրականը չէ, այլ ճանաչողական եւ ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից եւ փոխել իրականությունը։
Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայկական բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, հրատարակել է Newmag-ը: «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, սակայն վերաբերում է բոլորին, քանի որ ապրելու, կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին է, այն մասին, որ մինչեւ կորցնելն է անհրաժեշտ գնահատել ունեցածդ: Շատ լավ ուղերձներ ունի, որոնք հատկապես հիմա անհրաժեշտ են մեր ազգին»,-ասաց Սարգիս Ստեփանյանն ու հավելեց, որ մենք ազգովի հոգեպես վիրավորված ենք եւ վերականգնման կարիք ունենք, ուստի յուրաքանչյուրս պետք է ուժեղ լինի, ինչը կօգնի ոտքի կանգնել: Ստեփանյանը խոստովանեց, որ մարտական գործողություններ իրականացնելիս ծանր վիրավորվելուց եւ ոտքերն ու ձեռքը կորցնելուց հետո կարողացել է ապրել կյանքի, ընտանիքի, ժողովրդի հանդեպ սիրո շնորհիվ: Դավիթ Դավթյանի խոսքով՝ գիրքը դժբախտություն ապրած ընտանիքներին թույլ կտա տեսնել, որ կա լուրջ դժվարություններ հաղթահարած մարդու կենդանի օրինակ, որն ապրում է մեր կողքին: «Փորձել եմ անկեղծ լինել: Այս գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային պատմությունն է, նրա կյանքն ու գործունեությունը: Ցանկացել եմ, որ ընթերցողը ոչ միայն հաճույք ստանա կարդալիս, այլեւ գտնի այն ճանապարհը, որով կարող է ավելիին հասնել: Այդ առումով Սարգիս Ստեփանանը անգերազանցելի օրինակ է»,- շեշտեց գրքի համահեղինակը: