Լուսանկարն արվել է Երեւանում
Թարթիչների եւ հոնքերի լամինացիայի կենտրոնի աշխատակիցները, հավանաբար, հոգնել են հաճախորդների տարատեսակ դժգոհություններից: Նրանց սրահ մուտք գործելու միակ սկզբունքն է կրել դիմակ ու լինել առանց մունաթի:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը: Ե՞րբ կարող է անձը դիմել վերափորձաքննություն անցնելու համար։
Վաղարշակ Մնացականյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար։
Ամալյա Մարտիրոսյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը, 2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը, 3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին, 4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին, 5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, 6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին, 7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:
Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո։ Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում: