Բայդենը գիշերն իրական ժամանակում Սպիտակ տնից հետևել է ԻՊ առաջնորդին ոչնչացնելու գործողության հիմնական փուլերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գիշերն իրական ժամանակում Սպիտակ տնից հետևել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշիին ոչնչացնելու գործողության հիմնական փուլերին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Գիշերվա ընթացքում նախագահը Սպիտակ տանն իրական ժամանակում հետևել է գործողության առանցքային պահերին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում, որի արդյունքում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հինգշաբթի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Անցած գիշեր իմ հրամանով ԱՄՆ զինվորականները հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ ամերիկացիներին և մեր դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև աշխարհում անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Այն հստակեցնում է, որ գործողության արդյունքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշին, որը խմբավորման առաջնորդ է դարձել 2019-ի 31-ին։

Ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են նաև նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ընդհանուր առմամբ, գործողության հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, չորս կին:

«Բոլոր ամերիկացիները օպերացիայից բարեհաջող վերադարձել են»,- ասել է ԱՄՆ նախագահը։




Լրահոս