ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԸ՝ ՆՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն տարի՝ գարնանը». այսպես է կոչվում պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր սերիալը, որը հունվարի 31-ից կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: ArmLur.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում նախագծի մանրամասներն ու դերասանական կազմը:

 

Հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը ArmLur.am-ի հետ զրույցում  պատմեց, որ նկարահանումները կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից  դուրս: Ելենան նշում է նաեւ, որ Գերմանիայի որոշ տեսարաններ փորձել է ստանալ Հայաստանում:

«Ինչպես ամեն անգամ, երբ նոր նախագիծ ենք սկսում, պատասխանատվությունը շատ մեծ է»,- ասաց Ելենան ու հավելեց, որ ամբողջ թիմը բավականին հոգնած է, քանի որ նկարահանման շատ խիտ գրաֆիկ ունեն, բայց ոգեւորությամբ շարունակում են աշխատել։ Նոր հեռուստասերիալի հիմքում Հայաստանում արդիական խնդիրներից մեկն է՝ արտագաղթը՝ մեկ ընտանիքի պատմությամբ:

Մեր զրուցակցի խոսքով՝ սերիալում նկարահանվում են ինչպես հանրությանն անհայտ դեմքեր, այնպես էլ հայտնի դերասան-դերասանուհիներ: Կան դերասաններ, որոնք առաջին անգամ են նկարահանվում երկար սերիալում: Նախագծում ընդգրկված է նաեւ մի երիտասարդ, ով 44-օրյա արցախյան պատերազմի մասնակից է եւ, ցավոք, կորցրել է ոտքերը:

«Թատերականի ուսանող է, այժմ էլ շարունակում է ուսումը: Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդները, անկախ ամեն ինչից, կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Ելենան:

Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը՝ Ելենան ասաց, որ գլխավոր դերակատարների հետ ունեցել է աշխատանքային փորձ։ «Ռոմելա Սարգսյանն առաջին անգամ մեզ մոտ է նկարահանվել, երբ դեռ չուներ աշխատանքային փորձ, հիմա արդեն երրորդ գլխավոր դերն է խաղում։ Ինձ մոտ միշտ նկարահանվում են նորավարտ դերասաններ, այս նախագիծն էլ բացառություն չէ, պրոֆեսիոնալ դերասանների կողքին կտեսնեք իրենց առաջին քայլերն անող դերասանների»,- եզրափակեց նա։

Նախագծի դերասանական կազմում են Լիկա Մեսրոպյանը, Ռոմելա Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Արման Ղազարյանը, Հայկ Դուրգարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Իրինա Հարությունյանը, Մերի Հակոբյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼԸ

49-ամյա արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, որը գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ն, խոսել է ակումբի՝ Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Նիցայից» կրած պարտությունից ու մրցաշարից դուրս մնալուց (0-0, 5-6 11մ.): «Մրցակցի դարպասների մոտ մեզ վտանգավորությունն էր պակասում: Անկասկած, «Նիցայի» պես թիմի դեմ մենք պետք է ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեինք: Երբ հերթը հասնում է 11 մետրանոց հարվածաշարին, այն միշտ վիճակախաղ է: Առաջին կեսում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները շատ դանդաղ էին գործում՝ չնայած նրան, որ մենք բախվեցինք մի ակումբի, որը մեզ ազատ տարածություն չէր տալիս, եւ, հետեւաբար, պահեր ստեղծելու համար հնարավորություն չկար: Երկրորդ կեսում ավելի լավ էինք շարժվում, բայց ոչ այնքան, որ կարողանայինք հաղթել: Պետք է ավելի արդյունավետ լինել եւ միտվել դեպի մրցակցի դարպասը: Մբապեի փոխարինումը երկրորդ կեսո՞ւմ. մենք մշտական կապի մեջ ենք բժշկական շտաբի հետ եւ հաշվի ենք առնում ֆուտբոլիստների ինքնազգացողությունը, այդ իսկ պատճառով նախընտրեցինք փոխարինել նրան: Մեսսի՞ն. անհրաժեշտ էր, որ նա խաղադաշտում ամբողջ 90 րոպե անցկացներ»,-ասել է Պեչոտինոն։

 

 

ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀՐԱՊԱՐԿՎԵԼ Է

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 97-րդը: ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ եւ 48-րդ տեղերը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են հետեւյալ շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ալիզեռա Ֆիրուջան, Դին Լիժենը, Ֆաբիաու Կարուանան, Յան Նեպոմնյաշչին։

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդին ազդրի մկանային վնասվածք է ստացել։ 26-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում (փետրվարի 3) եւ «Գրանադայի» (փետրվարի 6 ) եւ «Վիլյառեալի» (փետրվարի 12 ) դեմ Իսպանիայի առաջնության խաղերում։ Հարցականի տակ է նաեւ Մենդիի մասնակցությունը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (փետրվարի 15)։

 




Լրահոս