Վարդենիսի համայնքապետարանում այսօր նշանակված էր ավագանու առաջին նստաշրջանը: ՔՊ-ական ավագանիները առաջին նստաշրջանի առաջին նիստին չէին եկել, թեեւ նրանց ծանուցվել էր նիստի մասին:
Որոշվեց 30 րոպե սպասել, ինչպես օրենքն է սահմանել: ՔՊ-ական ավագանիները, մասնավորաբար, Արամ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցում ասել էին, որ իրենք որոշել են չմասնակցել նիստին: Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե Արամ Մելքոնյանը ինչ է հայտարարել, եթե համայնքապետարանի քարտուղարը կծանուցի, որ իրենց գործընկերները որոշել են նիստին չմասնակցել, իրենք դա հիմք կընդունեն եւ կշարունակեն նիստը: Այսօրվա նիստն Ահարոն Խաչատրյանն իրավազոր է համարում, քանի որ դատարանը մասամբ է բավարարել ՔՊ-ական ավագանիների հայցը, դատարանի որոշումն էլ ուժի մեջ է մտնելու 30 օր հետո, ուստի ինքը լիարժեք կարող է շարունակել իր աշխատանքը:
Խոսելով կնիքի եւ համայնքապետի աշխատասենյակի բանալիների գործի մասին էլ` Ահարոն Խաչատրյանն ասաց, որ ոստիկանությունից տեղեկություններ չունի, թե հարուցված գործն ի՞նչ փուլում է, բայց գիտի, որ մարզպետարանից եկել են՝ կապարակնքել են համայնքապետի աշխատասենյակը, նախկին ղեկավարությունից վերցրել են բանալիները:
Թե ու՞մ մոտ էին, ի վերջո, համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը, քանի որ նախկին համայնքապետը պնդում էր, որ աշխատասենյակի բանալիները եւ կնիքը փոխանցել է համայնքապետարանի քարտուղարին, վերջինս էլ պնդում էր, որ իրեն ոչինչ չի փոխանցվել, Ահարոն Խաչատրյանն ասաց, որ ինքն այդպես էլ չի իմացել:
ՔՊ-ական ավագանիներն այդպես էլ չներկայացան նիստին: Նիստը կայացավ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքների ավագանիների մասնակցությամբ: