Բեռնում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռն կատարած աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Իրանի եւ Քուվեյթի խորհրդարանների նախագահների  հետ: Առաջին հանդիպումը ԻԻՀ  խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ էր: Հ. Աբրահամյանը նշեց, որ այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նրա համոզմամբ` երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանը մեծապես նպաստում է նաեւ Հայաստանի եւ Իրանի օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվեց երկու խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբերի գործունեությունը, ինչը նոր լիցք է հաղորդում միջխորհրդարանական կապերին: Ալի Լարիջանին ուրախությամբ փաստեց, որ Հայաստան կատարած իր պաշտոնական այցից հետո բավականին ակտիվացել է ինչպես միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով, իրականացվում են այցի ընթացքում ձեռք բերված մի շարք տնտեսական ծրագրեր եւ պայմանավորվածություններ: Կողմերի համոզմամբ` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաեւ տնտեսական բնագավառում:  Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին նաեւ տարածաշրջանային զարգացումները, անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, կարեւորեցին տարածարջանային կայունությունը, խաղաղությունը եւ անվտանգությունը: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  հանդիպեց Քուվեյթի Պետության խորհրդարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խարաֆիի հետ: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է  արաբական երկրների, այդ թվում նաեւ Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահի խոսքով` երկու ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որը հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման համար, ինչի վառ օրինակն է  Քուվեյթում գործող ՀՀ դեսպանությունը, որը կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Քուվեյթի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու գործում: Նա Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ այլ հարցերի, կարեւորեցին առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը` փաստելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում  ՀՀ դեսպանությունում  հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ: Խորհրդարանի նախագահը պարոն Սրմաքեշին  հանձնեց  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգեւը: Վարդան Սրմաքեշը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հ. Աբրահամյանը շնորհավորեց պարոն Սրմաքեշին պետական բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ կարեւորեց նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սրմաքեշը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը բարձր գնահատելու համար եւ նշեց, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի Հայաստանին  օգտակար լինելու համար:




Լրահոս