Չենք Լռելու. ԵՊՀ ուսանողների խնդիրը լուծվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել է Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողների մասին: Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Մայր բուհի 12 ուսանողներ հայտնել էին նախաձեռնությանը, որ բանավոր քննությունների ժամանակ ԵՊՀ մի շարք դասախոսների կողմից դրսևորվում են կամայականություններ, իսկ համալսարանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում անաչառ քննությունների անցկացման ուղղությամբ:Այդ օրն ավարտվել է քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն “աճում են երկրաչափական պրոգրեսիայով”: Ուսանողների հավաստմամբ, իրենք ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ են հայտնվել ,այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառովե:Նրանք պահանջում են, որպեսզի ռեկտորատն իրենց ևս մի` արդար քննության անցկացման հնարավորություն ապահովի` հանձնաժողովների ներկայությամբ:Երեկ ուսանողները հայտնել են Չենք լռելու-ին, որ ԵՊՀ ղեկավարությունը, թեև նախաձեռնությանը դիմած ուսանողների մասին մամուլում զանազան ոչ կոռեկտ կարծիքներ արտահայտելուն (գործից անտեղյակ, անբան մարդիկ, պոռոտախոսությամբ զբաղվողներ և այլն), փաստացի լուծել է խնդիրը` հանձնաժողովների ներկայությամբ քննություններ հանձնելու ևս մեկ շանս ընձեռելով: Բոլոր 12 ուսանողներն էլ ստացել են դրական գնահատականներ:Ի դեպ, մամուլի միջոցով ԵՊՀ-ից Չենք լռելու-ին հայտնել են, որ բուհում բոլոր քննությունները բաց են և հրավիրել ներկա գտնվել դրանց: Նախաձեռնությունն անպայման կօգտվի այդ հնարավորությունից ձմեռային քննաշրջանի ընթացքում:Նախաձեռնությունը նշում է, որ Բոլոնյան գործընթացին անդամակցումը ենթադրում է անցում դեպի քննությունների բացառապես գրավոր համակարգ: Ինչո՞ւ է Հայաստանում ձգձգվում այդ պրոցեսը` պարզ չէ, սակայն զանազան ենթադրությունների տեղիք է տալիս”:




Լրահոս