ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների հերթական հանդիպումից առաջ ամերիկացի վերլուծաբանները քննարկում են երկխոսությունն ու դրա հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ՝ կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։ Այլ հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին»։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել փետրվարի 24-ին Վիենայում: German Marshall Fund-ի ավագ վերլուծաբան Ջոնաթան Կացը կարեւորում է երկխոսությունը՝ շեշտելով՝ վստահության ամրապնդմանը միտված այս քայլերը կարող են հանգեցնել հարաբերությունների բարելավմանը, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը, քաղաքական կայունությանն ու անվտանգության ապահովմանը: «Սա չափազանց կարեւոր գործընթաց է դրական ազդակներով։ Անհրաժեշտ է խրախուսել այն։ Հեռանկարում նկատելի է Երեւանի եւ Անկարայի ցանկությունը դանդաղորեն առաջ շարժվել փոքր, բայց կարեւոր քայլերով»,- ասում է Կացը: Գործընթացի կարեւորությունն ընդգծում է նաեւ ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Քենեթ Յալովիցը: Նա հիշեցնում է ավելի քան մեկ տասնամյակ առաջ «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այսօր ունենք այլ իրավիճակ, պնդում է նա՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունից հետո մեծացել է Թուրքիայի դերը հարավկովկասյան տարածաշրջանում:

«Հայաստանին այսօր ձեռնտու է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանզի ցանկացած զարգացում, որը կարող է օգնել Երեւանին որոշակիորեն նվազեցնել կախումը Մոսկվայից հատկապես պատերազմից հետո, դրական է Հայաստանի համար: Երեւանի շահերից է բխում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը՝ հավասարակշռություն ապահովելու համար»,- գտնում է Յալովիցը: Հարավային Կովկասը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ազդեցության համար պատմական մրցակցության գոտի է, ասում է նախկին դիվանագետը: Չնայած դրան՝ վերլուծաբանը գտնում է, որ տրանսպորտային ուղիների վերաբացման հարցում Մոսկվայի ու Անկարայի շահերը համընկնում են: «Ռուսական կողմը ցանկանում է ուղիղ կապ ունենալ Հայաստանի հետ: Խոսքը նաեւ երկաթուղային կապի վերականգման մասին է, որը կառուցվել էր դեռ խորհրդային տարիներին: Կարծում եմ` Մոսկվան հստակ ցանկանում է դա»,- գտնում է Յալովիցը: Իր հերթին վերլուծաբան Ջոնաթան Կացը գտնում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հայ-թուրքական, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմամբ, քանի որ այսպիսով այն կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ներառյալ անվտանգության ոլորտում: Ռուսաստանը դեռեւս չի հակադրվում, քանի որ կողմերը դեռեւս չեն վստահում միմյանց, իսկ ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված: Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված կացությանն ու դրա ազդեցությանը հայ-թուրքական գործընթացի վրա՝ Ջոնաթեն Կացը գտնում է, որ լարվածության աճի պարագայում այն իր ազդեցությունը կթողնի Թուրքիայի եւ Հարավային Կովկասի երկրների վրա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակից պետություն՝ չնայած վերջին տարիների լարված հարաբերություններին: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ցանկանում է Անկարան տեսնել առաջնային դերում սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերում:

Ն. Հ.

 

 

ԲԱՅՐԱՄՈՎԻ «ԱՆԴՐՀԱՅԵԼԻՆ»

«Խոսելով ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման  եւ սահմանագծման հարցը»,- հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը պատրաստ  է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»: «Այսօրվա հանդիպմանը ես այդ հարցը հայտնեցի՝ ի գիտություն մոլդովացի գործընկերոջը», – նշել է նախարարը։ Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է հակառակ գործընթացը. երկրները նախ կարգավորում են հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում եւ  հետո միայն իրականացնում սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթա, սակայն Ջեյհուն Բայրամովի «անդրհայելում» նա Ալիսայի օրինակին է հետեւում, որը նախ  կարկանդակ է բաժանում, եւ  հետո միայն այն կիսում. փորձում է հասնել սահմանի որոշմանը՝ դա որպես հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայման դնելով։

 

 

 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսը շուտով կդառնա սովորական մրսածություն: Այս մասին ասել է Գամալեայի համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի Իվանովսկու վիրուսաբանության ինստիտուտի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Ալխովսկին: Համաճարակաբանի խոսքերով՝ հետագայում կորոնավիրուսի նոր շտամներ կշարունակեն հայտնվել, սակայն դրանք հիվանդության ծանր ընթացք չեն առաջացնի։ Նա որպես օրինակ նշել է «Օմիկրոն»-ը, որը, իր նախորդ` «Դելտա» շտամի համեմատ, ավելացրել է փոխանցելիություն եւ ավելի քիչ պաթոգենություն: «Միգուցե այլ տարբերակների ի հայտ գալը, որոնք նույնպես կունենան պաթոգենության նվազում, ի վերջո կփոխարինեն ծանր հիվանդություններ առաջացնող շտամներին, եւ մենք կապրենք այս վիրուսի հետ, ինչպես ապրում ենք այլ սեզոնային վիրուսների հետ, որոնք առաջացնում են սովորական մրսածություն»,- մեջբերել է փորձագետը։

 

 

 

ԳՈՐԾԸ ՀԱՍԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է Էդգար Բեգլարյանը, եւ նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի նախարարությանը եւ ԶՈւ ԳՇ-ին 30.09.2021թ.-ի թիվ 3496-Ա հրամանը վերացնել եւ իրեն՝ Բեգլարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման բաժնի պետի պաշտոնին նշանակել կամ հրամանի վերացման անհնարինության դեպքում, նկատի ունենալով կադրերի տրամադրության տակ գտնվելու հանգամանքն ու նշված ժամանակահատվածում համարժեք պաշտոն առաջարկելու լիազոր մարմնի պարտականությունը, նշանակելուն պարտավորեցնել:

 

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ  ԹԵԿՆԱԾՈՒՆ

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ու Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի լեզվակռիվ-միջադեպից հետո ընդդիմությունը մտադիր է մեկ այլ թեկնածու առաջադրել: Ռուբիկ Հակոբյանը, նշենք, հենց միջադեպից հետո է հայտարարել, որ հանում է իր թեկնածությունը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերոնշյալ լեզվակիռվը «Հայաստան» խմբակցությունում բավական թեժ քննարկման պատճառ է դարձել: Պատգամավորները որոշել են՝ հաջորդիվ այնպիսի թեկնածու առաջադրել, որ հանկարծ ու հանկարծ որեւէ սայթաքում թույլ չտա: ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը ՀՌԱՀ-ի թափուր տեղի համար առաջիկայում կառաջադրի Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը: Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը: «Ընդդիմությունն, այո, մեկ այլ թեկնածուի հարց է քննարկում, դիտարկում, բայց քանի դեռ այն պաշտոնապես չի հրապարկվել, չեմ կարող ասել. սկանդալային ու սենսացիոն հայտարարութունների սիրահար չեմ»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի հուլիսի 03-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 28-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում ՀՀ սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի 24-րդ եւ 22/1-րդ հասցեներում գտնվող գույքերն անհատույց զբաղեցվել եւ օգտագործվել են «Կարեն-Z» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Ղազարյանի կողմից, որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է պատճառել պետության օրինական շահերին։




Լրահոս