ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ.-ին ապօրինի ծառահատման հատկանիշներով Լոռու մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ 10 %-ով ավելի է՝ 2020թ. համեմատ:

 

Դատարան ուղարկված գործերով 14 անձ դատապարտվել է ազատազրկման, որոնցից 10-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան, 16-ը ենթարկվել է տուգանքի, իսկ 1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու ոչ արդարացնող հիմքով:

Իրականացվող կանխարգելիչ, հսկողական գործողությունների, ինչպես նաեւ դատախազության կողմից վարվող խիստ պատժողական քաղաքականության արդյունքում անհամեմատ նվազել է ապօրինի հատված ծառերի քանակը, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասները: Մասնավորապես, եթե 2020թ. արձանագրվել է ապօրինի հատված 3939 ծառ, ապա 2021թ.՝ 2187 ծառ, կամ 44%-ով պակաս։  Եթե ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասը 2020թ. կազմել է ընդհանուր 457.085.634 ՀՀ դրամ գումար, որից հաջողվել էր վերականգնել 1.949.670 ՀՀ դրամը կամ 0.4%-ը, ապա 2021թ. պատճառված վնասը կազմել է 193.074.160 ՀՀ դրամ (2020թ. համեմատ շուրջ 2.4 անգամ պակաս), որից վերականգնվել է 29.745.000 ՀՀ դրամը կամ 15.4%-ը։ Պատճառված վնասները վերականգնելու համար Լոռու մարզի դատախազությունը բոլոր դեպքերում, բավարար հիմքերի առկայությամբ, ձեռնարկում է մեղադրյալներից բռնագանձման պատշաճ իրավական գործընթաց։

Հետեւողական աշխատանք է իրականացվել նաեւ անտառհատման յուրաքանչյուր դեպքում պաշտոնեական հանցագործության առկայությունն ստուգելու, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական կամ կարգապահական գնահատական տալու առումով։ Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) տարբեր մասերով հարուցվել է 54 քրեական գործ: 22 քրեական գործ՝ 34 պաշտոնատար անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված պաշտոնատար անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանքներ։ Համեմատության համար նշենք, որ, 2020թ. նշված հանցակազմով հարուցվել է 7 քրեական գործ, դատարան է ուղարկվել 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ:

Բացի այդ, 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին, ՊՈԱԿ տարբեր մասնաճյուղերի տնօրեններին մարզի դատախազությունից հասցեագրվել է 50 միջնորդագիր՝ պատասխանատու աշխատակիցների աշխատանքում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների վերցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

Առանձին միջնորդագրերի քննարկման արդյունքում աշխատանքից ազատվել են անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն, տարբեր մասնաճյուղերի անտառպետությունների 4 անտառապետ, տարբեր պահաբաժինների 7 անտառապահ: Տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 20 անտառապահ եւ 9 անտառապետ: Բազմաթիվ  միջնորդագրեր դեռեւս քննարկման փուլում են։

2021թ. արդյունքներից ելնելով՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին: Դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները եւ առաջնորդվելով դրանք զարգացնելու հրամայականով՝ մարզի դատախազը մտահոգություն է արտահայտվել շարունակվող ապօրինի անտառահատումների կապակցությամբ: Ուշադրություն է դարձվել հատկապես այն հանգամանքի վրա, որ միայն վարույթը կասեցված՝ չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է 1263 ապօրինի ծառահատման դեպք, որոնցով պատճառված վնասը կազմել է 92.5մլն ՀՀ դրամ:

Ն. Պ.

 

 

 

ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 15 ՄԼՆ ԴՐԱՄ

2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու նպատակով վերջիններիս հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում կատարված ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տարված նախաքննության արդյունքներով՝ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պարզվել է, որ հիշյալ բնույթի ծառայություններ մատուցած անհատ ձեռնարկատերը ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման ամենամսյա ակտերում կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանցում ներառել անձանց, ովքեր իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել, եւ այդկերպ արտահայտված խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական շարժառիթով, միասնական դիտավորությամբ 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է ընդհանուր 15.740.000 դրամ գումար՝ այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկարագրված արարքը կատարելու համար հիշյալ անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթի կեղծում եւ օգտագործում) նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

 

 

 

ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ՏԵՂԱԿԱԼԸ

Ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը: Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորություններն անցնելու հետեւանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երեւան համայնքին: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց եւ նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին եւ ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձեւակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի եւ չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգեւատրումներով: Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել եւ համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդկերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց եւ Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով եւ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երեւան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: Ա. Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա՝ Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են:

 




Լրահոս