ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑ Է ԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու եւ վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության եւ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ մարզային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաեւ քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների եւ զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:

 

Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու եւ բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով եւ լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաեւ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ եւ տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների եւ այլնի վերաբերյալ: Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ եւ ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի հետ:

Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը եւ գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության՝ կատարել դավաճանական գործողություններ: Քրեական գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական ու օպերատիվ- հետախուզական համակցված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիների ինքնությունները, պարզել նրանց կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցված ռազմական եւ այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը, խափանել թշնամական գործունեություն իրականացնելու համար նոր տեղեկությունների հետագա փոխանցումը: Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում նաեւ ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Տեղեկացվում է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում, հետեւաբար ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի եւ հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական ու հակաբարոյական արարքներ կատարելուց:

Ն. Պ.

 

 

 

ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները: 2020թ. գարնանը, վերջինս, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ցանկություն ունի ընդունվել ծառայության, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ:

 

ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի գործավարության պետի պաշտոնում, որից հետո, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջիններս հանդիպել են ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի բնակության վայրի մոտակայքում, որտեղ Գյումրու բնակիչը նրան է տվել իր պաշտոնի նշանակման համար կաշառքի առարկա հանդիսացող, խոշոր չափերի՝ 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ նույն ժամանակահատվածում, ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ: Նրա միջնորդությամբ նշված պաշտոնում նշանակվելուց հետո վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերի՝ 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին եւ նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ն. Պ.

 

 

 

ՀՐԿԻԶԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Գորիս քաղաքի 30-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցնելով բենզինով լցված շիշ եւ լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ, որտեղ աշխատել է ամուսնու ընկերուհին: Այնտեղ հանդիպել է վերջինիս ու ամուսնուն, նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում կինը դյուրավառ հեղուկը լցրել է ամուսնու վրա եւ հրկիզել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ տղամարդը վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի միջոցով մարել են կրակը, ապա տեղափոխել բժշկական կենտրոն: Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

 

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երեւան քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. փետրվարի 9-ին բկ-ից հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել տղամարդ: Պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաեւ հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի 42-ամյա բնակիչ է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: 42-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաեւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

 




Լրահոս