ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացում է կատարել Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների վերաբերյալ Կառավարության՝ 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են հանդիսանում ՊՈԱԿ, եւ միայն այդ մարզադպրոցների վրա է տարածվում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տեւողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման եւ ախտահանման աշխատանքների հսկողությունը: Ավելին՝ հանրապետության համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում (ՀՈԱԿ) չեն պահպանվում տվյալ որոշմամբ հաստատված չափորոշիչները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ պարապողների առողջության եւ նրանց անվտանգության պահպանման վրա:

 

«Այս չափորոշիչներով առաջնորդվելն ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքի արդյունավետությունը եւ սանիտարահիգիենիկ հսկողությունը, իսկ այս նախագծի ընդունմամբ հանրապետության թե՛ ՊՈԱԿ, թե՛ ՀՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Նախագծի ընդունմամբ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), թե համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), պետք է առաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այս որոշման ընդունումը՝ ընդգծելով, որ այն առնչություն ունի ինստիտուցիոնալ կայացման հետ. «Երբ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտին, մեծ հաշվով կապ չունի, թե այդ կրթօջախն ում ենթակայության տակ է, քանի որ դրանք պետք է գործեն պետական չափորոշիչների համաձայն: Թե՛ սպորտի, թե՛ մարմնակրթության եւ թե՛ հանրակրթության բնագավառում մենք չենք կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք չգործեն պետական ստանդարտով:

Այս որոշումը նաեւ նպատակ ունի կանոնակարգելու մարզադպրոցների աշխատանքը, որն իր հետ բերում է նաեւ որոշակի ստանդարտներ եւ պահանջներ: Ուզում ենք, որ մեր երեխաները, պատանիներն ավելի շատ զբաղվեն սպորտով, եւ որ պետական քաղաքականություն վարելու ավելի հասանելի ու արագ գործիքներ եւ ստանդարտներ լինեն: Այդ դեպքում մեր ռազմավարական ծրագրերն իրականացնելիս մենք համոզված կլինենք, որ որոշումները տեղ են հասնում, ի կատար են ածվում, ու կա դրանք վերահսկելու հնարավորություն»: Չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ.-ի սեպտեմբերի 1-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է՝ այս որոշման ընդունումից հետո անհրաժեշտ է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ակտիվորեն աշխատի համայնքների հետ՝ մարզադպրոցները սուբվենցիոն ծրագրերում ներգրավելու համար. «Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք քննարկել նաեւ հատկացվող գումարների ավելացումը, որպեսզի մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՈԱԿ հանդիսացող մարզադպրոցները հասցնենք բերել պատշաճ մակարդակի»:

Ն. Պ.

 

 

 

 

ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ԵՎՍ ԿԱՐԳԵԼՎԻ

Հայաստանում կսահմանափակվի վաճառքի կետերում, խանութներում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը:

 

«Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «2020 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաղաքական լուրջ որոշում կայացրեց ծխախոտի եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ, եւ դրույթները հերթով մտնում են ուժի մեջ: «Ծխախոտային արտադրատեսակները եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաեւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որպեսզի կարողանանք այնպես, ինչպես կարգավորում ենք ծխախոտային արտադրատեսակները, կարգավորենք նաեւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, որոնք, իհարկե, հաշվի առնելով ինդուստրիան, շատ նորարարական են:

Մեր խնդիրն է ինչքան հնարավոր է արագ արձագանքել, որպեսզի նոր հայտնվող արտադրատեսակների վերաբերյալ նույնպես տարածենք տեխնիկական կանոնակարգերը»,-ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է առեւտրի կետերում, խանութներում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը: Փաշինյանը վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվել է, թե արդյոք պատշաճ վերահսկողություն իրականացվում է այդ ուղղությամբ: Ասոյանը նշել է, որ վերահսկողություն իրականացվում է ամբողջ ծավալով:

«Կարծում եմ՝ քաղաքացիների համար պետք է լինի ակնհայտ եւ տեսանելի, նաեւ Կառավարության գործընկերները կարող են հավաստել, որ գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի ծխախոտը: Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք թեժ գծին ստացվող ահազանգեր, այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցների կիրառումը ընթացքում է, սակայն, կարծում եմ, լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը: Նշեմ, որ բարձր տուգանքներ է նախատեսված խախտումների համար, եւ դա իր զսպող ազդեցությունը ունենալու է: Երեք տեսչական մարմին է ներգրավված այս ուղղությամբ»,-ասել է նա։

 




Լրահոս