ՖՈՏՈ. Ամեն օրս սկսում եմ Հայաստանով, այն իմ ուղեղում է. Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ մեկնելու եւ երկրի վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նարինե Ալեքսանյանն այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է Հայաստանում չգտնվելու պատճառի եւ երկրում կատարվող մտահոգիչ իրադարձությունների մասին:

-Նարինե՛, ի՞նչ նպատակով եք գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Գտնվում եմ պարզապես, ոչ մի նպատակ հետապնդելով:

-Հնարավո՞ր է մշտական բնակություն հաստատեցեք այնտեղ, ինչպե՞ս Ձեր կոլեգաներից շատերը:

-Ո՛չ, որովհետեւ ես դեռ ասելիք ունեմ իմ հանդիսատեսին Պարոնյան թատրոնի բեմից: Ես դեռ պետք է խաղամ ու բոլոր ծափերը տանեմ իմ տուն ու պետք է խոնարհվեմ հայ հանդիսատեսի առաջ: Իսկ ինչ վերաբերում է իմ կոլեգաներին՝ նրանք են ընտրել այդ ճանապարհը, ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել:

-Հայրենիքից հեռու հետեւո՞ւմ եք Հայաստանում տիրող իրավիճակին, ի՞նչ տպավորություն ունեք։

-Հայրենիքից հեռու չի նշանակում հեռանալ, մոռանալ եւ անտարբեր լինել հայրենիքի նկատմամբ: Ամեն օրս սկսում եմ Հայաստանով, այն իմ ուղեղում է, իմ սրտում: Չկա որեւէ մեկը այստեղ ապրող, որ չտանջվի, չտառապի Հայաստանով, ապրում են հանուն Հայաստանի: Ամեն օր ընդվզում ես, ամեն օր պայքարում, սիրում ու պաշտում  քո երկիրը: Այլընտրանք չկա՛:

-Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում երկիրը նման դժվարին իրավիճակից հանելու եւ կործանումից փրկելու համար։

-Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանը չի կործանվում եւ երբեք էլ չի կործանվի, ավելի թույլ չեն տա: Եթե ամեն մարդ զբաղվի իր գործով, օինակ՝ դիվանագետը լինի լավ դիվանագետ, իրավաբանը լավ իրավաբան, պատգամավորը՝ լավ պատգամավոր, եւ ամեն մեկն իր գոծն անի բարեխղճորեն երկիրը երբեք չի կործանվի: Ելքեր փնտրում են այն մարդիկ, ովքեր քաղաքական ասպարեզում են եւ Հայաստանն իրենց խոսքն է, իրենց խնդիրը, իսկ ես պետք է անեմ գործը իմ հանդիսատեսի համար: Հայ դիվանագետները փառք ու պատվով պետք է ներկայացնեն պանծալի Հայաստանը եւ անսահման սիրով պարուրեն մեր մի բուռ հողակտորը: Ամեն ինչ լավ է լինելու եւ Աստված օրհնելու է մեր երկիրը: Եվ կրկին ու կրկին փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մայր հայրենիքը:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս