ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյա՞նն է ճիշտ, թե՞ Նիկոլ Փաշինյանը. ինչ է ասվում Ստամբուլյան փաստաթղթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում անդրադարձավ 1999-ի նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիային՝ նշելով, որ Ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բանն այն է, որ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Մոլոդվայում, Վրաստանում, Ռուսաստանում՝ Չեչնիայի հարցը․․․ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք, […] ևս մեկ անգամ պնդում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում։ [․․․] Եվ միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- ասաց Քոչարյանը։

Փաշինյանն այդպիսի պնդում էր արել նախորդ տարվա հունիսի 5-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ: Հետագայում այս առիթով Փաշինյանը մեղադրել էր Քոչարյանին Թուրքիայի գործակալ լինելու մեջ և վերահաստատել իր տեսակետը փաստաթղթի վերաբերյալ։

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորական լեզվի, այնտեղ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել գոյություն ունեցող պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Բա եթե Թուրքիայի գործակալ չլիներ, ինչի պիտի կողմ քվեարկեր»,- պնդել էր Փաշինյանը։

Ի վերջո. ինչ է ամրագրված այդ փաստաթղթում.

Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ, սակայն, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։

«Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված զարգացող իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ, և դրական ենք գնահատում նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվացված երկխոսությունը, որոնց պարբերական հանդիպումները պայմաններ են ստեղծել այս խնդրի տևական և համապարփակ լուծման որոնմանը թափ հաղորդելու համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և կոչ ենք անում շարունակել այն՝ հուսալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կվերսկսվեն։ Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը, որը մնում է կարգավորման ձգտման ամենահարմար ձևաչափը, պատրաստ են աջակցել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը և դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ օգնությունը կողմերին»,- գրված է հռչակագրի հոդվածում։

Այսպիսով, ստացվում է՝  Ռոբերտ Քոչարյանի պնդումները ճիշտ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս