«ՕՐԸ ՍԿՍԵՑԻ ՇՇՄԵԼՈՒ». ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրը սկսեցի շշմելու: Արթնացա՛…Արթնանալը գիտե՞ս ինչ դժվար է: (ծիծաղում է) Արթնացա՛, հետո էլի արթնացա՛»,- ArmLur.am-ի հետ զրույցում այսպես իր խոսքը սկսեց ՀՀ վաստակավոր դերասան Արմեն Էլբակյանը, որը փետրվարի 11-ին նշեց ծննդյան 68-րդ ամյակը:

 

«Եկա թատրոն, ուզում էի փորձ անել, եւ տեղի ունեցավ իմ կյանքի ամենազարմանալի անակնկալը, որը կարող էր լինել, ինչը սունդուկյանցիները արեցին: Դահլիճում Էկրանները իջացրին, ապա իրենց մաղթանքները ասացին իմ ծնվելու առիթով, դե՛ մեկ-մեկ մարդիկ ծնվում են, եւ շատ հումորով էին արել, շատ սիրեցի: Արդեն ամաչում եմ, բայց վստահաբար կարող եմ ասել՝ այդ ամեն ինչի մեջ ե՛ւ հումոր կար, ե՛ւ արցունք, ե՛ւ անցյալի հիշողություն: Կարճ ասած, կոլեգաներս, երիտասարդ արտիստներս ինձ նման լավ նվեր արեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ մեր թատրոնի տնօրենից՝ Վարդան Մկրտչյանից, ով այդ ամենը կազմակերպել էր»,- մեզ հետ զրույցում հուզմունքով նշում է Էդգար Էլբակյանը:

Վաստակաշատ դերասանը երազանքներ չունի, բայց ունի ասելիքներ. «Ես կարծում եմ, որ մարդը պարտավոր է ունենալ երազանքներ, բայց ապրել հանուն իր ասելիքի, եթե աշխարհին ասելիք ունի, օրինակ՝ ինչպես է վերաբերվում աշխարհում կատարվող երեւույթներին, ինչ դիրքորոշում ունի եւ ինչ է ուզում փոխանցել բոլոր մարդկանց, որոնք ապրում են նույն ժամանակի մեջ, որը որ դու ես ապրում»:

Դերասանի խոսքով՝ պլանավորել է տուն գնալ առողջների հետ զրուցել, փորձել հասկանալ, թե ինչ են երազում, ինչի համար են ապրում, իսկ հիվանդներին էլ առողջություն ցանկանա:

Հիշեցնենք, որ 1974 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1981 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

1975-1982 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան:

1982-1988 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ որպես ռեժիսոր:

1988-1994 թվականներին ընտրվել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար:

1988-2012 թվականներին աշխատել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ որպես դերասանական կուրսի ղեկավար, դոցենտ:

1994 թվականին հիմնադրել է Էդգար Էլբակյանի անվան դրամայի եւ կոմեդիայի թատրոնը:

2000 թվականից աշխատում է Երեւանի խամաճիկների պետական թատրոնում՝ որպես տնօրեն:

2012 թվականից աշխատում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ որպես Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ:

Ընտանիք՝ հայրը՝ Էդգար Էլբակյան, կինը՝ Աննա Էլբակյան, որդին՝ Էդգար Էլբակյան կրտսեր,դուստրը՝ Լիլի Էլբակյան:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս