ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ միասին պատասխանատու է հայ ժողովրդի դեմ կատարած միջազգային հանցագործությունների համար, արդեն քանիերորդ անգամ եւ ուղիղ տեքստով կրկնում է, որ ոչ մի խաղաղության համաձայնագիր առանց նախապայմանի չկա եւ չի էլ լինի։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

 

«Շատ կարեւոր է, որպեսզի այդ «դրական ազդանշանը» լավ հասկանան բոլորն ու յուրաքանչյուրը, ով դեռ պահպանել է մտածելու կարողությունը եւ ստանձնել ապագայի պատասխանատվությունը։ Գործարարները, որոնք հանկարծ դարձել են արցախյան խնդրի «փորձագետներ», այդ նախապայմանների մասին իմացել են միշտ։ Իշխանական վերնախավը, որն անմիջականորեն տեղի ունեցողի հանցակիցն է, նույնպես իմացել է այդ մասին։ Գիտեն արդյոք այդ մասին մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդադրում պատգամավորները՝ արդեն կարեւոր չէ։ Հիմա բոլորը, որոնց մեջ դեռ պատիվ, արժանապատվություն եւ բանականություն է պահպանվել, պետք է իրենց աչքով տեսնեն, որ առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները բացարձակ սուտ են։ Այստեղ ոչ մի հատուկ գիտելիք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ հայ հասարակությանը կանխամտածված խաբում են։ Եվ չնայած սուտը բացահայտված է, իսկ ժողովուրդն արտահայտել է իր վերաբերմունքն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, իշխանությունը շարունակում է է ավելի մեծ նախանձախնդրությամբ կատարել նպատակային ծրագիր, որը վաղուց եւ մանրակրկիտ մտածված է «այլ երկրներում» եւ որդեգրվել է «իշխանությունում գտնվող երիտհայերի» կողմից։ Նշենք, որ խաղաղության պայմանագիրը նշանակում է զինված հակամարտության (ոչ թե ագրեսիայի) կողմերի  վերջնական պարտավորությունների ընդունում մարտական գործողությունների դադարեցման մասին՝ գրավոր ամրագրված համաձայնագրի հիման վրա։

Այսինքն՝ պայմանագիրը խաղաղության մասին, ընդհանուր առմամբ, բոլոր վիճելի խնդիրների (որոնք գոյություն ունեն կողմերի միջեւ, այս դեպքում՝ Արցախի եւ Ադրբեջանի, նրանց եւ Հայաստանի, ինչպես նաեւ հետագայում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ) համապարփակ ընդգրկման հավակնող փաստաթուղթ չէ։ Եվ առաջին նախապայմանը՝ Հայաստանի համաձայնությունը Ադրբեջանին Արցախի բռնի ենթարկեցման մասին, փաթեթավորվել է «միջազգային իրավունքի սկզբունքներով եւ նորմերով»՝ Հայոց ցեղասպանության գծով դաշնակիցների ազատ մեկնաբանմամբ։ «Խաղաղության պայմանագրի» ներքո փորձ է արվում պարտադրել անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ Արցախի Հանրապետությանը։ Սա երկակի հարված է, որը երկար տարիներ պատրաստվել է եւ այսօր մատուցվում է ողջ համաշխարհային հանրությանը՝ որպես «տարածքային ամբողջականության» սկզբունքի այսպես կոչված իրականացում։ Սա միջազգային իրավունքի չարամիտ խեղաթյուրում է, որն ուղղակիորեն արգելում է լուծել ցանկացած վեճ զինված գործողությունների ճանապարհով, կիրառել արգելված զինատեսակներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ, միջազգային ահաբեկչական խմբեր ներգրավել եւ այլ հանցավոր արարքներ։ Այս մասին վկայել է այն նույն միջազգային հանրությունը, որը, իմանալով Հայաստանի իշխանական վերնախավի պարտվողական դիրքորոշման մասին եւ այսրոպեական, ածխաջրածնով բուրող շահերից, ինչպես նաեւ իր ոչ վաղեմի անցյալի չսպառած գաղութարարական սովորություններից ու վախերից ելնելով, լուռ հետեւում էր Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան ագրեսիային, իսկ այսօր նույնկերպ անտարբեր հետեւում է միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումներին Հայաստանի հանդեպ։

Մեկ անգամ էլ ընդգծեմ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ մի ցանկություն չեն ունեցել եւ չունեն խաղաղ ապրելու Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղությունը հայերի հետ հակասում է նրանց ռազմավարական նպատակներին։ Կա անզուսպ ցանկություն՝ հարկադրելու Արցախին եւ Հայաստանին՝ համաձայնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան ագրեսիայի արդյունքներին ընդդեմ լեգալ ձեւավորված եւ լեգիտիմ կայացած, բայց չճանաչված Արցախի Հանրապետության, կա ձգտում՝ ստանալու Հայաստանի պաշտոնական համաձայնությունը Ադրբեջանին չպատկանող Արցախի Հանրապետության տարածքները բռնի կցելու վերաբերյալ, հետագայում նրա բնակչությանը վտարելու հեռանկարով։

Երկրորդ պայմանը, ավելի ճիշտ՝ պահանջը, որն արդեն քանիցս հնչեցրել է Ադրբեջանի նախագահը, վերաբերում է պետական անվտանգության երաշխավորին՝ բանակին. այն արտահայտվել է վերջնագրի տեսքով՝ ուժի կիրառման սպառնալիքով, եւ ուղղված է հայ ժողովրդին մարտունակ բանակ ունենալու իրավունքից զրկելուն։ Եվ Հայաստանի այսօրվա իշխանությունները, արձագանքելով այս հերթական «դրական ազդանշանին», հրաժարվեցին նշել Հայկական բանակի 30-ամյակը՝ դրանով իսկ խախտելով երկրի տոնական եւ հիշարժան օրերի մասին օրենքը եւ լիակատար «հարմոնիա» ցուցաբերելով բացահայտ ագրեսիվ հարեւանի հետ։ Այս ակնհայտ իրավախախտման եւ բանակի բարեփոխումների պարբերաբար հնչող պղտոր պլանների մեջ պարզ երեւում են իշխանությունների՝ պետական անվտանգության ապահովման համակարգը թուլացնելու եւ անթույլատրելի նվազագույնի հասցնելու մտադրությունները։ Մյուս նախապայմանները բացահայտելու համար դիմենք այսպես կոչված «Շուշիի հռչակագրին»։ «Շուշիի հռչակագիրը» միջազգային պայմանագիր է երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք այդ փաստաթղթում ներկայանում են որպես դաշնակիցներ։ Հռչակագրում կան կետեր, որոնց իմաստն այն է, որ Հայաստանին հարկադրվի ընդունել «դաշնակիցների» գերազանցությունը միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Այսպես, «Զանգեզուրի միջանցքի» մասին հստակ ձեւակերպված կետում նրանք տեղ չեն թողնում «հաղորդակցությունների ապաշրջափակում» անվանմամբ այդ ամբողջ մտահղացման քաղաքական նպատակների մասին բանավեճերի եւ կասկածների համար. պահանջվում է հենց միջանցքի տրամադրում, այլ ոչ թե հաղորդակցությունների ապաշրջափակում կամ շրջափակում։

Ն. Պ.




Լրահոս