«Լուսակերտի թռչնաֆաբրիկան»՝ փակման եզրին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեւական ժամանակ է, ինչ ձվի շուկայում նորմայից դուրս գնային տատանումներ են: Պատճառը շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակման եզրին է կանգնած նաեւ թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ընկերության ղեկավարությունը բողոքի ակցիա է իրականացնելու եւ թվով 8000 հավ նվիրվելու բոլոր ցանկացողներին՝ հույս ունենալով, որ հավերն օրեր շարունակ չկերակրման հետեւանքով չեն սատկի:

Բացի այս, «Լուսակերտ»-ից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է՝ ընկերությունը փակվի, իսկ թվով 88 աշխատակից դառնա գործազուրկ: Նշենք, որ ձվի մեկ հատիկն այսօր վաճառվում է 35-36 դրամով: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, ըստ թռչնաբույծների, «Շիրակ» թռչնաֆաբրիկան է: Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Գեւորգյանը մատը մատին չի տալիս իրավիճակը կարգավորելու համար, մինչդեռ այս կառույցը տեւական ժամանակ է, ինչ դիմում-բողոք է ստացել «Աշտարակ ձու» ընկերության կողմից եւ կասկածահարույց դանդաղկոտությամբ դեռ ուսումնասիրում է այն: Դժվար չէ կռահել, թե ինչու է դանդաղում անգործության մատնված կառույցի ղեկավարը. չէ՞ որ, ըստ շրջանառվող լուրերի, «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին, որն, ի դեպ, վերջերս դարձավ թանկարժեք հյուրանոցի՝ «Գոլդեն Փելիս»-ի սեփականատերը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս