Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունն՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:

Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև՝ բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը:

Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։




Լրահոս