Ինձ հոգեհարազատ է դարձել կարոտը. Հայկուհի Բաբախանյանը՝ զբաղվածության եւ հայրենիք վերադառնալու ցանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Հայկուհի Բաբախանյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ներկա զբաղվածության, հայրենիքից հեռու ապրելու եւ անհագ կարոտի մասին:

-Ինչպես գիտեք «Հայ երգի երեկո Հայկուհի Բաբախանյանի հետ» հաղորդումը ամեն շաբաթ հեռուստաեթերում է, որտեղ ներկայացնում ենք մեր մեծերի կյանքը, կենսագրությունը, նրանց անցած ուղին, եւ իհարկե նրանց երգերը: Այս պահին զբաղված ենք հաղորդման նկարահանումներով: Նկարահանում ենք նոր հաղորդումներ, որպեսզի մեր հեռուստադիտողին ներկայացնենք: Իսկ ինչ վերաբերվում է համերգներին եւ շրջագայություններին, ապա կասեմ, որ այս շրջանում համերգային պլաններ չունեմ, քանի որ կորոնավիրուսի հետ կապված շատ-շատ համերգային դահլիճներ պահանջում են QR-կոդ կամ ՊՇՌ թեստավորում, ինչը բավականին մեծ դժվարություններ է առաջացնում, եւ այդ իսկ պատճառով համերգի մասին խոսելը կարծում եմ այս պահին դեռ վաղ է: Բայց եւ այնպես ապագա պլաններում ունենք համերգային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ պլանավորում ենք մեծ մենահամերգ Ամերիկայում, որը հույսով եմ Աստծո կամքով կիրականացնեք, երբ կորոնավիրուս համավարակն իսպառ վերանա: Այստեղ նաեւ զբաղվում եմ դասավանդմամբ, ունեմ աշակերտներ, որոնց հետ սովորում ենք ազգային հայրենասիրական երգեր: Ինձ համար շատ ուրախալի է, որ հայ երեխաներն, ապրելով դրսում, շատ հետաքրքրված են ժողովրդական երգարվեստով եւ հետաքրքիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո սերն էլ ավելի է ավելացել հայրենասիրական երգերի նկատմամբ, ինչն ինձ շատ է ոգեւորում եւ հուզում:

-Հայկուհի՛, արդեն երկար տարիներ է ինչ բնակվում եք հայրենիքից հեռու, որքանո՞վ եք տեղյակ եւ արդյոք հետեւո՞ւմ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին։

-Չնայած, որ հայրենիքից հեռու ենք, բայց ամեն օր հետեւում ենք բոլոր լրատվամիջոցներին եւ տեղյակ ենք գրեթե բոլոր իրադարձություններից: Ցավով պետք է նշեմ, որ 44-օրյա պատերազմը խլեց բազմաթիվ երիտասարդ կյանքեր, մեր լավագույներին, մեր հայրենանվերներին: Փառք ու պատիվ բոլոր նահատակներին եւ համբերություն նրանց ընտանիքներին: Ես հավատում եմ, որ գալու է հաղթական օրը, եւ մենք՝ հայերս, կանգնելու ենք մեր հողի վրա ամուր եւ ասենք՝ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

-Հետաքրքիր է, վերջին անգամ ե՞րբ եք եղել հայրենիքում եւ հնարավոր է կրկին վերադառնաք։

-Հայրենիքում վերջին անգամ եղել եմ 2018 թվականին, իհարկե կարոտը անսահման մեծ է, եւ երեւի թե դա միակ անհաղթահարելի զգացմունքն է մարդու մեջ: Ամեն բան Աստծու ձեռքին է, եւ ես հավատում եմ, որ կգա մի օր, երբ աշխարհի ցանկացած ծայրում բնակվող հայ մի օր կվերադառա Հայաստան եւ կապրի իր երազած հայրենիքում: Հայրենքի հետ կապող շատ բան կա՝ մեր լեռները, հողն ու ջուրը: Կարծում եմ, այն թախիծն ու տխրությունը, որն առաջանում է մեր մեջ, դա հենց կարոտի զգացումն է: Վերջին երեք տարիների ընթացքում ինձ շատ հոգեհարազատ զգացում է դարձել կարոտը: Անսահման կարոտել եմ ընտանիքիս, հայրենիքիս, ընկերներիս եւ հույս ունեմ Աստծո կամոք կգա մի օր, երբ կվերադառնամ եւ կհագեցնեմ իմ կարոտը:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս