ՆԱԽԱԳԻԾԸ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանտգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ: Պատգամավորն առաջարկում էր ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը նշեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

 

«Նշված հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ օրենքի տեսանկյունից այս նորմը նախատեսվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքներ ապահովելու նպատակով: Սակայն օրենքի կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ զինծառայողները, տարբեր պայմաններից ելնելով, երբեմն՝ իրենց կամքից անկախ, հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում եւ այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստացի ստացվում է, որ բնակելի տարածություն վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողները իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաեւ Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին՝ բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի հանգամանքները որպես հանցագործության հատկանիշ հիմք են հանդիսացել, եւ մի քանի տասնյակ պայմանագրային զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած վիճակագրության համաձայն՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1138-Ն որոշմամբ հաստատված «Զինծառայողների եւ քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման» կարգը խախտելով, բնակելի տարածությունների վարձակալության պայմանագրեր ներկայացնելու եւ իրականում տվյալ բնակարաններում չբնակվելու պայմաններում դրամական փոխհատուցումներ ստանալու վերաբերյալ զինծառայողների կողմից խաբեության եղանակով խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստերի առթիվ մինչ օրս կայազորային քննչական բաժիններում քննվել են թվով 81 քրեական գործեր: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել, եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին քրեական պատասխանատվությունից ազատվելու համար միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած եւ իրենց կացության համար ծախսած գումարները, որն այս ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` վերոնշված խնդիրների լուծման կապակցությամբ օրենսդրական փոփոխություն իրականացնելու անհրաժեշտություն են տեսել Պաշտպանության նախարարությունը եւ Զինվորական կենտրոնական դատախազությունը: Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ իրականացնել, որի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում առանց բնակելի տարածության վարձակալության եւ վարձավճարի չափի մասին համապատասխան պայմանագրեր եւ տեղեկանքներ ներկայացնելու օրենքով սահմանված կարգով ստանալու դրամական փոխհատուցում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ

Ապրիլին Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի դեմ միջպետական բողոքի վերաբերյալ։ Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության գերագույն դատարանի փոխնախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ԱՀ լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը։ Նա տեղեկացրել է, որ 2021թ. հունվարին բողոքի կազմման աշխատանքն ամբողջովին ավարտվել է, այն ուղարկվել է Եվրոպական դատարան։ Ասքերովի հավաստիացմամբ՝ Եվրոպական դատարանում սկսվել է դատական վարույթ բողոքի տրման հնարավորության հետ կապված, եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի դիրքորոշումը կներկայացվի Ստրասբուրգում։ «Հետաքրքիր է, որ Հայաստանը, չնայած պնդում է, որ անհրաժեշտ է հետաքննել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները ինչպես միջազգային կազմակերպություններում, այնպես էլ տեղեկատվական տարածքում, Երեւանը փորձում է երկարացնել գործընթացը՝ մշտապես միջնորդություններ տալով Եվրոպական դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելու ժամանակը երկարացնելու համար»,- հավաստիացրել է Ասքերովը։

 

 

ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ

ՀՀ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար, որի օրակարգում էր միայն ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը, քվորում չապահովվեց: Նիստի համար գրանցվել էր 29 պատգամավոր, չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այսինքն՝ եթե 4 ժամում անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն, նիստը կսկսվի: Նիստի օրակարգում էր ընդդմիադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

 

 

ՈՂՈՐՄԵԼԻՈՒԹՅՈՒՆ

«Ձախողում կրելով ամեն տեղ՝ իշխանությունը բիրտ ուժը փորձեց պարպել մեր երիտասարդների վրա, որոնք խաղաղ հավաքի ժամանակ կարծիք էին արտահայտում։ Սա ողորմելիության դրսեւորում է, երբ չես կարողանում երկրիդ սահմանները պաշտպանել, բայց պարպում ես ժողովրդիդ վրա»,-ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։ «Վախենում են ինքնաձիգով պաշտպանել սեփական ժողովրդին եւ փոխարենը գործի են դնում մահակները ժողովրդի դեմ։ Սխալվում են, եթե մտածում են, թե այսկերպ կարող են վախեցնել մեր երիտասարդներին։

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը երեկ կեսգիշերին հինգ ժամ պահվել է ոստիկական բաժանմունքում: Իրավապահ մարմինները երիտասարդ աղջկան մեղադրում են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, 5 րոպե շարունակ «Նիկոլ՝ դավաճան, Նիկոլ՝ թուրք» գոռալու, ոստիկանական ծառայողների աշխատանքը խոչընդոտելու, նրանց չենթարկվելու եւ այլ արարքների համար: Նշենք, որ կեսգիշերն անց մի խումբ երիտասարդներ հավաքվել ու բողոքի ակցիա էին իրականացնում երեւանյան այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղակայվել էին «Եվրանեսթ»-ի, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական պատվիրակները: Միջադեպն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է դատապարտում: Նկատում է՝ Երեւանի կենտրոնում քաղաքացիները բողոքում են ադրբեջանցիների ներկայության դեմ, ու նրանց նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում, ինչը դուրս է տրամաբանությունից: Թ. Թովմասյանը ոստիկանապետ Վահե Ղազարյանից ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների մասով կոշտ գնահատական է ակնկալում: Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաեւ ոստիկանության աշխատանքն է, շեշտում է հանձնաժողովոի նախագահը, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:

 

 

 

ԿԱՆՉՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ եւ Վահագն Յայլոյաններին, եւ եւս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին ծանուցագրերն արդեն ուղարկվել են նրանց եւ տեղադրվել են նաեւ azdarar.am  կայքում: Պարզվել է, որ դեռ 2020թ. ոստիկանությունից հայտնել էին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, եւ տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին տնօրենը 2017թ. կնքել է 696.000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման եւ արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր, մի շարք խախտումներով՝ վատնման եղանակով հափշտակել 624.000 եվրո: Բացի այդ, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019թթ. ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Նաեւ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները 2017-2019թթ. խախտումներով՝ առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես եւ արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր 734.741.890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

 




Լրահոս