ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծած պատերազմը Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող ինստիտուցիոնալ հիմքերով ատելության ու թշնամանքի քաղաքականության հետեւանք էր: Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Դա արվում էր երկու հիմնարար հենասյուներով՝ կրոնական ու էթնիկական պատկանելիություն: Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումների հետեւանք: Ընդհանուր առմամբ, այս ամենը տեղավորվում է ցեղասպան քաղաքականության մեջ»,- ասել է Արման Թաթոյանը:

 

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ պատերազմի ընթացքում, դրանից հետո համագործակցել են Արցախի գործընկերների հետ, հավաքագրվել են պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանն այս գործում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց բոլոր ուժային կառույցներին: Պաշտպանի խոսքով՝ հիմա էլ Հայաստանի սահմաններին շարունակվում են սպառնալիքներն Ադրբեջանի կողմից: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ հասարակությանն ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով: «Մենք պետք է ունենանք մեր սեփական երաշխիքները: Պատերազմ որեւէ մեկը չի ուզում, թշնամանք որեւէ մեկը չի ուզում, բայց մենք չենք կարող մեզ մոլորեցնել ու համոզել, որ այդ ամենն ավարտված է: Այդ ամենն ավարտված չէ, եւ մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները: Ժամանակը մեր դեմ է աշխատում, մենք պետք է արագ գործենք»,-ասել է Արման Թաթոյանը:

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ են հնչում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանի Հանապետության ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ: Արման Թաթոյանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն: «Այդ հրապարակումներից մի քանի Արման Թաթոյանը ներկայացրել է լուսանկարներով, որպեսզի պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդություններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչեւ սպառնալիքներ:

«Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանքների ու ատելության առարկա՝ միախառնած բազմաթիվ սպառնալիքներով: Ակնհայտ է, որ չկա պատկերացում կոնկֆլիկտային կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների հաստատության կամ Օմբուդսմանի միջազգային դերի մասին, կամ անտեսում են ամեն ինչ. բոլոր հրապարակումներն անխտիր քաղաքական երանգներով են` բացահայտ անհիմն: Հատուկ արձանագրում ենք, որ անկախ վիրավորանքի ու ատելության այս արշավներից՝ մշտապես Պաշտպանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանային բնակիչների, Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻ

Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուս վարակն ազդել զարկերակային ճնշման վրա: Պարզվում է՝ զարկերակային ճնշումը շնչառական վարակների ժամանակ, որոնցից մեկը COVID-19-ն է, կարող է եւ՛ բարձրանալ, եւ՛ իջնել։

 

Այս մասին Sputnik ռադիոյի հետ զրույցում բացատրել է բժիշկ Գեորգի Սապեգոն։ «Եթե մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, սովորաբար նրա զարկերակն արագանում է, եւ արյան ճնշումը՝ բարձրանում: Դա պայմանավորված է նյութափոխանակության արագացմամբ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ։ Իսկ եթե վարակը ծանր է, մարդը թուլանում է, դառնում անտարբեր, գիտակցությունը՝ շփոթված, հետո արյան ճնշումը, հակառակը, նվազում է»,- ասել է Սապեգոն Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հիվանդության ժամանակ զարկերակային ճնշման բարձրացումը երբեմն կապված է ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունելու հետ։

«Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսին Իբուպրոֆենն է, այնպես են ազդում երիկամների վրա, որ պահում են հեղուկը եւ բարձրացնում արյան ճնշումը: Բժիշկները նույնիսկ միտումնավոր օգտագործում են այս կողմնակի ազդեցությունը արյան ճնշումը բարձրացնելու համար այն մարդկանց մոտ, որոնք հաճախ ուշաթափվում են: Նույնը ցանկացած վարակի դեպքում ոչ միայն մարմնի ջերմաստիճանն է զարկերակային ճնշումը բարձրացնում, այլեւ ջերմիջեցնող դեղերը»,- պարզաբանել է Գեորգի Սապեգոն։

Հիվանդության ժամանակ զարկերակային ճնշման կտրուկ անկումն անհանգստացնող ախտանիշ է, որն ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

«Եթե մարդու մոտ վարակի ֆոնի վրա նրա սովորական հիպերտոնիան հանկարծակի իջել է 40 միլիմետր սնդիկի սյունակով, դա վատ է, կամ եթե կանգնելիս ճնշումը իջել է 20 միլիմետրով, կամ էլ սիստոլիկ ճնշումը 90 միլիմետրից պակաս է։ Սրանք բոլորը ամհանգստացնող նշաններ են, եւ անհրաժեշտ է դիմել բժշկի օգնության, անգամ կարող է պահանջվել հոսպիտալացում: Սա հատկապես վտանգավոր է տարեցների եւ վարակի հետեւանքով թուլացածների համար»,- մանրամասնել է մասնագետը։ Բժշկի խոսքով՝ COVID-19-ը կարող է հանգեցնել արյան ճնշման դիսկարգավորման, նման դեպքերում ապաքինվելուց հետո հիվանդները շարունակում են բողոքել թուլությունից, գլխապտույտից եւ հիպոթենզիայի այլ ախտանիշներից։

«Կորոնավիրուսով վարակվելուց հետո որոշ պացիենտների մոտ կարող են նկատվել արյան ճնշման խախտում: Մարդիկ հաճախ գանգատվում են մարմնի ուղղահայաց դիրքում ճնշման անկումից, չեն կարող աշխատել, չեն կարող սպորտով զբաղվել թուլության եւ գլխապտույտի պատճառով: Այնուամենայնիվ երբ մարմինը վերականգնվի, ապա իրավիճակը կկարգավորվի»,- նկատել է Սապեգոն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Բերդ համայնքի Նորաշեն, Արծվաբերդ, Վերին Ծաղկավան, Վարագավան, Տավուշ բնակավայրերում նախատեսված է խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Վերին Ծաղկավան բնակավայրում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ Վարագավանում դրանք ավարտական փուլում են: Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ ծրագրի արժեքը 614 միլիոն 305 հազար  580  դրամ է, որից պետական բյուջեի  ներդրումը կազմում է 430  միլիոն 13  հազար 906 դրամ (ծրագրի արժեքի 70%-ը), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 184 միլիոն  291  հազար 674  դրամ (ծրագրի արժեքի 30%-ը):

 

 

ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ

Տավուշի մարզի հանրակրթական բազմաթիվ դպրոցների շենքեր գտնվում են վատթար վիճակում։ Այդ դպրոցների շենքերի մի մասը  կապիտալ, մյուս մասը՝ կոսմետիկ նորոգման կարիք ունի։ Որոշ դպրոցների շենքեր վերջին անգամ տասնամյակներ առաջ են նորոգվել, դրանց վերանորգման խնդիրը անընդհատ ձգձգվում է պետական բյուջեւում փող չլինելու  պատճառաբանությամբ։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ փետրվարի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի Դիլիջանի եւ  Իջեւանի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը քննարկվել են մարզի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները՝ կապված ուսումնական գործընթացի եւ շենքային պայմանների հետ։ Մարզպետը  հանձնարարվել է մեկ անգամ եւս գույքագրել եւ ներկայացնել դպրոցների շենքային պայմանները՝ առաջնահերթությունը տալով մարզադահլիճների եւ սանհանգույցների վիճակին։ Նա նաեւ հանձնարարել է հնարավորության դեպքում (եթե դպրոցներում  կան տնտեսված գումարներ) կազմել դպրոցների վերանորոգման նախագիծ-նախահաշիվներ։

 

 

ԱՅԼԱԶԳԻ

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնում տեղեկատվություն կա մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին։ Մարզում ազգային փոքրամասնություներով կոմպակտ բնակավայրեր չկան։ Տավուշի  համայնքներում ոչ կոմպակտ ձեւով բնակվում են  այլ ազգերի 595 ներկայացուցիչներ, որոնցից 377-ը ռուսներ են, նրանց շփման հիմնական լեզուն հայերենն է: Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց է հաճախում ռուսերեն լեզվով կրթություն ստացող 29 երեխա: Ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ կան Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցում: Տավուշի մարզում բացի ռուսներից, քիչ թվով բնակվում են նաեւ հույներ, ուդիներ, ադրբեջանցիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, սակայն մարզպետարանի կայքում զետեղված տեղեկանքում նրանց մասին ոչինչ նշված չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս