ԱՐՑԱԽԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետեւողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Հայտարարությունից բխում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի եւ ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաեւ պետական կառույցների ներկայացուցիչներից, որոնք «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում (Ղարաբաղում) «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»։ Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները եւ դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են, եւ դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբեւիցե խնդրահարույց չի եղել (չհաշված պատմական իրողությունները կեղծելու դիլետանտական փորձերն ու հայտարարությունները):

 

Արցախի տարածքում գտնվող հայ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր քրիստոնեական հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը հանդիսանում են հայկական ճարտարապետության առանցքային օրգանական մասը: Արցախի զարգացած միջնադարի մոնումենտալ կառույցները՝ եկեղեցիները, գավիթները, զանգակատներն իրենց ստեղծագործական կառուցվածքով (կոմպոզիցիայով) եւ դեկորով սերտորեն առնչվում են պատմական Սյունիքի եւ Այրարատի նախորդող ժամանակաշրջանի նույնատիպ կառույցների հետ, ինչը հետազոտություններով փաստել են հայկական միջնադարյան ճարտարապետությունն ուսումնասիրող արտասահմանյան հեղինակավոր գիտնականները եւս, այդ թվում՝ Ժան Միշել Թիերին (Ֆրանսիա), Պաոլո Կունեոն (Իտալիա) եւ այլք:

Ադրբեջանում չկան քրիստոնեական մշակույթի ու հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, ինչի վկայություններն են իրենց իսկ հրապարակումները, որոնք սահմանափակվել են իսլամական ճարտարապետության ներկայացումով։ Արցախի հուշարձանների՝ աղվանական լինելու տեսության նպատակն է փորձել իբրեւ թե պատմականորեն հիմնավորել Արցախի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները եւ գիտությունը ծառայեցնելով իրենց ցեղասպանական նկրտումներին՝ նախ՝ հիմնավորել Արցախի Հանրապետության այժմ բռնազավթված տարածքներում հայկական ներկայության ոչնչացումը, ապա նաեւ «պատմամշակութային» կեղծ նախադրյալներ ստեղծել այժմ ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքից ներս սողոսկելու համար: Հուշարձաններում, առհասարակ, ընդունված երեւույթ է պատմության տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների արձանագրումը: Արցախյան հուշարձաններն այս առումով եւս բացառություն չեն, ուստի հետագա նորոգումների, նոր շինություններով համալրումների, նվիրատվությունների եւ այլ հիշարժան գործերի դեպքում կարեւորվել է վիմագիր կազմելու ավանդույթը: Արցախի եկեղեցիների նման արձանագրությունները եւս վերաբերում են բացառապես հայկական միջավայրին եւ իրողություններին, ինչը եւս հաստատում է, որ այդ հուշարձաններն իրենց կառուցման օրից մինչեւ Ադրբեջանի վանդալիզմի այսօրվա դրսեւորումները ոչ միայն հայ արվեստի մասն են, այլեւ դրանց հետագա պատմությունը եւս կապվել է այդ արժեքները ստեղծող հայ ժողովրդի հետ: Ներկայում ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարեւոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրեւ «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող եւ ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները: Զարմանալի է, որ Ադրբեջանի՝ կովկասյան ալբանացիներին վերաբերող հռետորաբանությունում կենտրոնական տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 200 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական եւ բարոյական ծանրագույն հետապնդումների։ 18-19-րդ դարերում ուդիների բռնի իսլամացման եւ ձուլման քաղաքական գործընթացը հանգեցրեց Աղվանքի ժառանգության այդ ամենաակներեւ ներկայացուցիչների գրեթե իսպառ ոչնչացմանը։ Այդուհանդերձ Նուխի գավառի, մասնավորապես՝ Շեքիի, Օղուզի (նախկին Վարդաշենի) եւ Գաբալայի (նախկին Կուտկաշենի) շրջանների առնվազն 43 ուդիական գյուղերի բնակչությունը պահպանել էր ուդիական (աղվանական) ինքնությունը եւ, չնայած լեզվական թյուրքացմանը եւ իսլամացմանը, շարունակել էր հարգել աղվանական պատմական հուշարձանները եւ սրբավայրերը, տոնել աղվանական տոները, տապանագրերում նշել իրենց ազգային ինքնությունը եւ այլն։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ ինչպես նշված է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի նախաբանում եւ վերահաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի «Զինվորականների համար մշակութային ժառանգության պաշտպանության ձեռնարկում», լինելով ողջ մարդկության ինքնության կենսական մասը՝ ժառանգության ոչնչացումով հենց մարդկությունն է զրկվում իր անփոխարինելի արժեքներից։ Ըստ այդմ՝ արցախահայության ժառանգության ոչնչացումը կարող է հանգեցնել աշխարհի մշակութային արժեքների անվերադարձ կորստին եւ աղքատացնել աշխարհի մշակութային բազմազանությունը։ Արցախի ժառանգությունը ստեղծել է արցախահայությունն իր պատկերացումներին ու հմտություններին համապատասխան, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես ակնհայտ է, ուղղված է հենց այդ ժառանգության նենգափոխմանն ու խեղաթյուրմանը։ Ադրբեջանը, համաձայն միջազգային հռչակագրերի եւ իր իսկ ստանձնած պարտականությունների, հանձնառու է անաղարտ պահել արցախահայության ժառանգությունը, պահպանել նրա իսկությունն ու ամբողջականությունը։ Եվ հենց այդ նույն կոնվենցիան, որը վկայակոչել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, իր 4-րդ հոդվածով արգելում է վանդալիզմի, ոչնչացման կամ ձեւափոխման ցանկացած գործողություն եւ բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

 

 

 

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՄԻԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ Է

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կանգնած է փակման եզրին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Դանիելյանը:

 

Մեր զրուցակցի խոսքով՝ ուսանողներն այսօր կանգնած են լուրջ փաստի առաջ, համալսարանը փակվելու դեպքում ոչ բոլորը կարող են կրթությունը շարունակել Երեւանում, արդյունքում շատերը կհրաժարվեն բարձրագույն կրթություն ստանալուց: Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում  2022-2023 թթ. համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թ-ի հոկտեմբերի 11-ի նիստում։ Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ համալսարանի ուսանողները շատ մտահոգված են, ինչպես նաեւ ստորագրահավաք են իրականացրել եւ դիմել ԿԳՄՍ նախարարություն:

 

 

 

ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ Է ԽԱԽՏԵԼ

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ եւ քողարկող միջոցներ): Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության հակադոպինգային գործակալությունը: Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։ Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։ Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ հակադոպինգային գործակալությունը որեւէ մեկնաբանություն չի տալու:

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարում։ 35-ամյա իսպանացի թենիսիստը 6։3, 6։2 հաշվով պարտության մատնեց 29-ամյա ամերիկացի Դենիս Կուդլային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։ Երկրորդ շրջանում Նադալը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 24-ամյա Ստեֆան Կոզլովի հետ։ Նադալն այս հաղթանակի շնորհիվ կրկնեց 2014 թվականին սահմանած անձնական ռեկորդը՝ մրցաշրջանի սկզբում 11 անընդմեջ հաղթանակ։

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՆՈՐԱՄՈՒՏԸ

Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը մեկնաբանել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում։ Իսպանական «Վիլյառեալի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում Վլահովիչը գոլի հեղինակ էր դարձել 32-րդ վայրկյանին։ Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1։ «Հրաշալի էր նորամուտի խաղում գոլ խփելը։ Շատ հուզական պահ էր։ Սակայն ես չեմ կարող 100 տոկոս բավարարված լինել, քանի որ մենք չհաղթեցինք։ Լավ խաղ ցուցադրեցինք եւ կարող էինք հաղթել։ Մենք ձգտեցինք լավ խաղալ նաեւ ընդմիջումից հետո, բայց երբեմն մրցակիցը թույլ չի տալիս անել այն, ինչ դու ես ցանկանում։ Շնորհավորում եմ նրանց՝ հաշիվը հավասարեցնելու կապակցությամբ։ Մենք պետք է շարունակենք ծանր աշխատանքը։ Պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա»,- Վլահովիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։ «Յուվենտուս» – «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա մարտի 16-ին։

 




Լրահոս