Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի գլխին մութ ամպեր են կուտակվել: Չի բացառվում, որ քաղաքային իշխանությունն առաջիկայում Պողոսյանին փոխարինոխ գտնի: Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է սկսել Կենտրոնի թաղապետարանում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը՝ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը Կենտրոն վարչական շրջանում իրականացնելու է ուսումնասիրություն՝ սահմանված կարգով վարչական շրջանին վերապահված լիազորությունների իրականացման և կանոնադրությամբ նախատեսված գործառույթների վերաբերյալ։
Ավելին, ուսումնասիրության իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Այն ավարտելուց հետո արդյունքները պետք է ամփոփվեն և ներկայացվեն Երևանի քաղաքապետին։ Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի թիրախում է հայտնվել ոչ միայն կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, այլև՝ իր տեղակալ Արմեն Ազիզյանը:
ArmLur.am-ին հասած տեղեկություններով, վերահսկողության վարչության պետին հանձնարարված է մանրամասն ուսումնասիրել, քանի որ քաղաքապետարանում տեղեկություններ են ստացել այն մասին, որ բակերի, տանիքների վերանորոգման կամ շինարարական մի շարք մրցույթներում հիմնականում հաղթող են ճանաչվել թաղապետի հետ փոխկապակցված մարդիկ: Կարճ ասած՝ իշխանություններն այս ընթացքում խիստ զբաղված են՝ Կենտրոնի թաղապետ փնտրելով:
Բնականաբար, այս տեղեկությունները ճշտելու նպատակով ArmLur.am-ը դիմեց Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, որտեղից լսեցին մեր հարցը, խոստացան փոխանցել վարչական շրջանի ղեկավարին, ապա զանգահարել մեզ: Դեռ այս թեմայի շուրջ մեկնաբանություն չենք ստացել վարչական շրջանի աշխատակազմից: Այն ստանալուն պես պատրաստ ենք հրապարակել:
Ս.Հ.