ԻՆՉՈ՞Վ Է ԱՐՑԱԽԻ ՊԲ-Ն ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ նկատի ուներ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խբակցության պատագամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ասելով, թե Արցախի ՊԲ-ն վերակազմավորման առումով մի քանի քայլ առաջ է: Մեզ հետ զրույցում նա նշում է՝ պետք է վերցնել փաստերը, տեսնել՝ ինչ է կատարվում Հայաստանի պաշտպանության նախարարությունում ու Արցախի պաշտպանության բանակում, ու, ըստ այդմ, հասկանալ՝ ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին ով ինչ քայլեր է իրականացրել:

 

Ընդդիմադիր պատգամավորը նկատել է՝ ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում զինվորական մասնագիտության նկատմամբ գրավչության բարձրացմանն ուղղված քայլեր են տարվում: Բայց անկախ բոլոր հանգամանքներից՝ Արցախի պաշտպանական բանակն ու Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է ներդաշնակված լինեն:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

-Պարո՛ն Աբրահամյան, վերջերս մի այնպիսի հայտարարություն էիք արել, որ թեեւս Արցախի պաշտպանության բանակն ունի վերազինվելու եւ մեջքն ուղղելու կարիք, սակայն մեկ քայլ ավելի առաջ է, քան մեր բանակը: Շատ փորձագետներ ձեզ հետ համաձայն չեն: Որտեղի՞ց Ձեզ այդպիսի ուսումնասիրություն:

-Անկեղծ ասած, չգիտեմ՝ ով է համաձայն, ով համաձայն չէ, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ պետք է վերցնել փաստերը, հասկանալ՝ իրականության մեջ ինչ  է տեղի ունենում Հայաստանում եւ Արցախում  եւ, ըստ այդմ, հասկանալ՝ ով ընդհանուր նպատակի հասնելու ճանապարհին որքան քայլեր է իրականացրել: Արցախի ՊԲ-ի վերափոխումների խնդիրն ավելի ծանր իրավիճակներում է, քան Հայաստանում: Պաշտպանության բանակում զորակոչ չի իրականացվում Հայաստանից, մարդիկ, որոնք դեռեւս այնտեղ են, առաջիկայում զորացրվելու են: Եվ այդ նկատառումներից ելնելով՝ Արցախում մի քանի քայլեր են իրականացվել, որի նպատակն է պայմանագրայինների համալրման միջոցով որոշակի իրավիճակ ստեղծել, որպեսզի մարտական հերթապահությունը նորմալ հունով ընթանա: Սա առաջին հերթին բխում է զինվորական մասնագիտության նկատմամբ գրավչության բարձրացման աշխատանքներով: Բացի այդ, բոլոր միջոցները պետք է ուղղել Արցախում տնտեսական զարգացումը նորմալ ռելսերի վրա դնելու համար:

-Իսկ Հայաստանում այդ ամենը չի՞ իրականացվում:

-Ես այս ամենին ծանոթ եմ իմ այցերից, զրույցներից ելնելով: Կարող եմ ասել, որ այդ ամեն ինչն իրականացվում է նաեւ Հայաստանում, պատգամավորի կարգավիճակից ելնելով՝ ծանոթ եմ դրանց՝ նաեւ հանդիսանալով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ: Ես նույնիսկ այս թեմայով պատրաստ եմ բանավիճել բոլոր առողջ ուժերի հետ, եթե, իհարկե, նպատակն իրական բանավեճն ու իրական քննարկումն է: Բայց եթե նպատակն ասելն է, որ Արցախում անվտանգության ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում, ապա այդ մարդկանց որեւէ բանով օգնել չեմ կարող:

-Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից էր նաեւ, որ հայկական Զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: Գիտենք, որ զորակոչերի մասով խնդիր կա: Ի՞նչ է ի վերջո տեղի ունենում Պաշտպանության բանակում: Այդ կետն ինչքանո՞վ է կյանքի կոչվելու, որքանո՞վ է թողնվելու ռուս խաղաղապահներին:

-Նախ Ադրբեջանն իր մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը չի իրականացրել, հետեւաբար չեմ կարծում, թե պետք է շտապողականություն դրսեւորել եւ իրականացնել մեր մասով հայտարարության բոլոր կետերը: Եթե լինի գաղափարի շուրջ համախմբվածություն, եթե հասարակության սեփականություն դառնա այն պարզ ճշմարտությունը, որ ապահովելով Արցախի անվտանգությունը՝ ապահովում ենք նաեւ Հայաստանի անվտանգությունը, ապա ես կարծում եմ, որ կան եւ լինելու են մեր քաղաքացիներ, որոնք գերադասելու են տեղափոխվել Արցախ եւ իրենց կյանքի որոշակի հատվածն ապրել, զարգացնել ու ինչու չէ նաեւ ծառայություն անցկացնել Արցախում: Դա կախված չէ միայն Արցախից, արցախցու ցանկությունից: Մեր իշխանությունները պետք է առաջնահերթություն դարձնեն Արցախի բնականոն զարգացումը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

«ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ԳԻՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ». Թ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը  նախաձեռնել էր կոնֆերանս-քննարկում՝ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

«Հայատյացությունը Ադրբեջանում պետական քաղաքականության հիմքում է եւ ունի տարբեր դրսեւորումներ՝ էթնիկ զտումներից մինչեւ մշակութային եղեռն, ինչին էլ ականատես եղանք հենց 44-օրյա պատերազմին եւ ականատես ենք լինում այսօր։ Իսկ ի՞նչ ենք արել մենք Ադրբեջանի՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների, տասնամյակներ տեւած ցեղասպան քաղաքականության, անմարդկային խոշտանգումների դեմ, ո՞րն է եղել մեր ազգային-պետական ծրագիրը։

Ոչինչ։ Կամ գրեթե ոչինչ: Քննարկումներ, էպիզոդիկ անդրադարձներ, այն էլ՝ շատ հաճախ ուշացած։ Նախ եւ առաջ, որպես պետություն, պետք է հստակեցնենք մեր մոտեցումը, զարգացնենք գիտական դիվանագիտությունը, մշակենք հստակ ռազմավարություն, դարձնենք այն օրակարգային հարց եւ ներկայացնենք միջազգային հանրությանը։ Ադրբեջանը 1991թ. սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների»,-նշել է Թ. Թովմասյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ ակադեմիկոսներ, գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ։ Պատմաբան Աշոտ Մելքոնյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի մինչ այժմ կատարած գործողությունները պետք է որակել որպես ցեղասպանություն՝ սկսած Բաքվի ջարդերից մինչեւ 44-օրյա պատերազմ։

Քննարկման ընթացքում Թագուհի Թովմասյանը նշել է, որ իրենք ուղերձ են հղում միջազգային հանրությանը՝ առ այն, որ Ադրբեջանի կատարած հանցանքները պետք է արժանանան համապատասխան գնահատանքի, եւ քանի դեռ չեն գործարկվում պատասխանատվության մեխանիզմներ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության նկատմամբ, միջազգային իրավունքների դրույթների ոտնահարումները մարդկության դեմ շարունակական են լինելու։ Որոշ ներկայացուցիչներ կարծիք հայտնեցին, որ նման քննարկումները պետք է առավել հաճախ կազմակերպել եւ պետական կարգով պետք է հայեցակարգ ձեւավորել, որպեսզի Ադրբեջանի 1988-1990 ականների վարած քաղաքականությունը որակվի որպես ցեղասպանություն։

Ն. Պ.

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտությունն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառության վրա: Բավականին դժվարացել է նաեւ Ուկրաինայի հետ Հայաստանի բեռնատար հաղորդակցությունը։ Հայաստանում թռչնամիս արտադրողները չեն կարողանում Ուկրաինայից սոյա եւ եգիպտացորեն ներկրել: Նշենք, որ, բացի թռչնամսից, Հայաստան Ուկրաինայից ներկրվում է նաեւ կոնֆետ, ձեթ եւ այլն:

ArmLur.am-ը Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Մեր հարցին ի պատասխան՝ տնտեսագետն ասաց. «Բնականաբար դրանք կարժեզրկվեն, բայց ՀՀ բերելը տեխնիկապես կդժվարանա ճանապարհների, պատերազմի պատճառով: Ուկրաինական ապրանք ներկրողները հիմա այլ ուղիներ պետք է գտնեն, դա կարող է լինի Ռուսաստանը, քանի որ այս դեպքում ներմուծումը շահում է: Հայաստանում վաճառվող ուկրաինական ապրանքը կարող է թանկանալ, կարող է եւ չթանկանալ: Ուղղակի պետք է նայել կորոնավիրուսի, նաեւ այս սանկցիաների պատճառով ինչ տեղի կունենա Ռուսաստանում, իրենց կբավարարի մթերքը, թե ոչ, որովհետեւ իրենք էլ կարող են դեֆիցիտի խնդիրն ունենալ, չարգելափակեն, բայց ներքին հրահանգներով թույլ չտան երկրից ապրանք դուրս բերել»:

 

 

 

ՊՈՒՏԻՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է

Վլադիմիր Պուտինն անտարբեր է Արեւմուտքի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցներին: «Դրանք բավականին անհեթեթ են»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում ակտիվների եւ այլնի վերաբերյալ։ Բոլորը գիտեն, որ նախագահն այլ ակտիվներ չունի, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցասայլի, բնակարանի եւ բանկային այլ ավանդների չափով, ուստի նա բավականին անտարբեր է»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ նա նշել է, որ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը անհեթեթ է եւ չի կարող հանգեցնել խնդիրների լուծմանը։ «Եթե դուք դա դիտարկում եք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ միայն անհեթեթ է, այլեւ շատ անհեռատես»,- հավելել է Պեսկովը։




Լրահոս