Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել մարտական զենք եւ պաշարներ զինված ուժերի համար։ Ընդ որում, Եվրամիությունը նման քայլի է գնում իր պատմության մեջ առաջին անգամ: Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Մի քանի ժամ անց Բորելը հայտարարել է, որ ԵՄ նախարարները հավանություն են տվել Կիեւին 500 միլիոն եվրոյի չափով սպառազինությունների ֆինանսավորմանը։ Բորելը նշել է, թե Ուկրաինայի տարածքում լայնամասշտաբ պատերազմ է։ Եվրամիությունը ցանկանում է ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար եւ որոշել է 450 միլիոն եվրոյի չափով մարտական զենք տրամադրել ուկրաինական բանակին եւ եւս 50 մլն եվրո՝ ոչ մարտական պաշարների համար։
Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակորեն սպառնացել է միջուկային հարձակմամբ այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինային փետրվարի 24-ին ռուսական ներխուժումից հետո, եւ չնայած սրան՝ եվրոպացիները մտադիր են հնարավորինս աջակցել Կիեւին։ Ընդ որում՝ Բորելը կիրակի օրը եվրոպական բլոկի անունից մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա կարող է ազդել նաեւ հարեւան երկրների վրա՝ ներառյալ Վրաստանը, Մոլդովան եւ Արեւմտյան Բալկանները։ «Մենք վախենում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ ամբողջ տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը։ Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ Պուտինի սպառնալիքից հետո աշխարհը փոխվել է, եւ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն հավանական է թվում։
Ռուսաստանում մարդիկ արթնացել են մտավախությամբ, որ սովորական կյանքն այլեւս չի լինի։ Երեկվանից համացանցում տարածվել է տեղեկություն, որ ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկում է արձանագրում. առավոտյան 1 դոլարը Forex բորսայում վաճառվում է 110-120 ռուբլու սահմաններում, իսկ փոխանակման կետերում այն ընդհանրապես հնարավոր չէ գնել երեկվանից։ Ռուսաստանցիները երեկ ամբողջ օրը բողոքում էին նաեւ, որ դժվարությամբ են կարողանում կանխիկացնել նույնիսկ ռուբլին, որոշ բանկոմատներ Մոսկվայում, օրինակ, տալիս էին միայն 1000 ռուբլի։
Եվրոպան կարող է ականատես լինել աշխարհամասում վերջին տարիների ամենամեծ հումանիտար ճգնաժամին: Այս նախազգուշացումը տարածել է Եվրահանձնաժողովը Ուկրաինայից մարդկանց զանգվածային արտագաղթի ֆոնին։
Ավելի քան 360 հազար մարդ արդեն լքել է երկիրը, նրանցից 200 հազարը հատել է Լեհաստանի հետ սահմանը։ Բայց ԵՄ-ը պետք է պատրաստվի շատ ավելի մեծ միգրացիոն ճգնաժամի: Դաշինքի բոլոր 27 երկրները համաձայնել են ընդունել ուկրաինացի փախստականներին՝ չկիրառելով ապաստան տրամադրելու ստանդարտ ընթացակարգը, որը հաճախ երկար է ձգձգվում։
Բաց դռների քաղաքականությունը կգործի երեք տարի։ Լեհաստանի հետ մեկտեղ Հունգարիան, Սլովակիան եւ Ռումինիան նույնպես բացում են իրենց սահմանները՝ ռմբակոծություններից փրկվել փորձողներին ներս թողնելու համար:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետեւել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅՍՕՐ ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 18-ի իր համարում գրել էր, որ ՀՀ նախագահի ընտրության հարցը տեղի կունենա մարտի 1-ին գումարվող հերթական նստաշրջանում: Եվ, ահա, այսօր խորհրդարանում ԱԺ խորհուրդը պետք է հաստատի օրակարգը, որում ընդգրկված է նաեւ այդ հարցը: Նշենք, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ եւ դիմել է ընդդիմության օգնությանը, սակայն նրանց առաջարկը հաջողություն չի ունեցել, եւ, ըստ էության, արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի: Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով, այս դեպքում՝ 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:
ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Հայաստանում կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի առցանց խանութներից ապրանքներ գնելու հետ կապված։ Այս մասին ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ մասնագետի՝ ռուսական խանութների մասնաբաժինը Հայաստանի առցանց առեւտրի ոլորտում բավականին մեծ է։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս առումով ամենալուրջ հարցն այն է, թե ինչ կլինի դրամական փոխանցումների մասով: Փորձագետը հիշեցրել է, որ ռուսական բանկերում քարտային փոխանցումների հետ կապված սահմանափակումներ կան։ «Դա նշանակում է, որ կարող են սահմանափակումներ լինել ռուսական խանութների հետ առցանց առեւտրի ոլորտում։ Պետք է հասկանալ, թե ինչպես են աշխատելու քարտային փոխանցումները՝ հաշվի առնելով SWIFT-ի մասով սահմանափակումները»,- ընդգծել է նա:
ՔՈՉՈՒՆՑԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է ԶՈՒ գլխավոչ շտաբի պետ առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը օրեր առաջ դեռ գրել էր, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՊՆ-ում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունց եւ Առաքել Մարտիկյան:
ԲԱԼԱՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Փետրվարի 25-ին Դատավորների ժողովին մասնակցած դատավորներից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունեն, որ ԱԱԾ-ն էլ կուսումնասիրի իրենց կայացրած որոշումները, եւ նրանց նկատմամբ կսկսվի հետապնդում: Մեզ հետ զրույցում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ոչինչ չբացառեց: Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին դատավորների ընդհանուր ժողովը տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը դատավորների ժողովին: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Հավելենք, որ քվորում լինելու համար 129 դատավոր պետք է ներկայանային, սակայն ներկա էին 89-ը: Վերջում եկել են եւս մի քանի դատավոր, եւ նրանց թիվը դարձել է 95, սակայն ժողովը այդպես էլ չկայացավ:
ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է մտածեն կոմերցիոն թռիչքներով Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին. երեկ հայտարարել է Պետդեպարտամենտը՝ նշելով, որ աճում է այն ավիաընկերությունների թիվը, որոնք չեղարկում են թռիչքները, նաեւ թվարկելով երկրները, որոնք փակում են Ռուսաստանի օդային տարածքը Ուկրաինա ներխուժումից հետո: «ԱՄՆ քաղաքացիները պետք մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն տարբերակները, որոնք դեռ հասանելի են», – տեղեկացրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը: Կառույցը խնդրել է ամերիկացիներին դիտարկել «գործողությունների ծրագիր, որը չի ներառում Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը»։